Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ խաղաղության հաստատման չորս պայմանները – armeniatoday.am

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում թվարկել է այն դրույթները, որոնք Թեհրանն անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Ըստ դիվանագետի՝ այս կետերի կատարումը պետք է հիմք հանդիսանա հրադադարի ցանկացած նախաձեռնության համար։

Իրանի պահանջների ցանկը ներառում է՝

– «Ագրեսիայի և ահաբեկչական գործողությունների» վերջնական և լիակատար դադարեցում։
– Ագրեսիայի և պատերազմի կրկնությունը բացառող «օբյեկտիվ և արժանահավատ երաշխիքների» տրամադրում։
– Նյութական և բարոյական վնասի լիարժեք փոխհատուցում։
– Հորմուզի նեղուցում Իրանի իրավական իրավասության (յուրիսդիկցիայի) հարգում՝ «միջազգային ծովային անվտանգության պաշտպանության նպատակով»։

Ջալալին նշել է, որ Թեհրանը ողջունում է միջնորդական ջանքերը, սակայն խաղաղության հաստատումը շաղկապում է նշված պարտավորությունների կատարման հետ։

Նա հավելել է, որ Իրանը կշարունակի գործել «ինքնապաշտպանության իրավունքի» շրջանակում մինչև սպառնալիքի աղբյուրի վերացումը և իր դիվանագիտական քայլերը կհամակարգի ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային ներխուժման ռիսկերը՝ դեսպանը հայտարարել է զինված ուժերի պատրաստակամության մասին՝ «Իրանի տարածքը ագրեսորի ուժերի համար գերեզմանոց դարձնելու» հարցում։

Նրա գնահատմամբ՝ ներխուժման հենց փաստը, որն արդեն ավելի քան չորս շաբաթ է տևում, ապացուցել է նման հաշվարկների «միամտությունը»։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Leave a Comment