ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը։ Նա նաև ասել է, որ երբեք ակնկալիքներ չի ունեցել ՆԱՏՕ-ից, քանի որ այն թղթե վագր է, ինչը գիտի նաև Պուտինը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը, և արդյոք այն իրատեսական է։
-Տեսնում ենք, որ Թրամփի քաղաքականությունը միտված է վախ ներշնչելուն։ Այստեղ բացառված չէ, որ Թրամփն այդ քայլերով կամ այդպիսի մտադրություններ բարձրաձայնելով՝ պարզապես փորձի նաև պայմաններ թելադրել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ Իրատեսական լինելը կախված է մի շարք հանգամանքներից, այսինքն՝ կգնա, եթե տեսնի, որ այդ քայլը հնարավոր է հասցնել մինչև ինչ-որ հանգրվանի։ Վերջին հաշվով, ամենակարևորն այն է, թե որքանով է Թրամփը իշխանությանը տիրապետում Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններին մոտեցող ժամանակաշրջան է, և այստեղ շատ հարցեր են լուծվելու. այսինքն՝ եթե Թրամփին հաջողվի պահպանել Կոնգրեսի երկու պալատներում հանրապետական մեծամասնությունը, ինչը հիմա գրեթե անհնար է թվում, ապա այդ դեպքում գուցե նաև արտաքին դաշտում նա ավելի համարձակ և կոշտ գործի։
-Նա ասել էր, որ ՆԱՏՕ-ն թղթե վագր է։ Ի՞նչ նկատի ունի նա։
-Հավանաբար նկատի ունի այն, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ով է իրենից մեծ ներուժ ներկայացնող դաշինք։ Նաև նշանակում է, որ առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Մեծ մասամբ, իհարկե, դա իրատեսական է։ Հասկանում ենք, որ Միացյալ Նահանգներն է ՆԱՏՕ-ի հիմնական դոնորը, մատակարարը, բայց այնպես էլ չէ, որ դաշինքի անդամ երկրները բացարձակապես չունեն որևէ պաշտպանական համակարգ կառուցելու ներուժ։ Այլ հարց է, որ առանց Միացյալ Նահանգների նրանց, թերևս, շատ ժամանակ է պահանջվելու ինչ-որ այլընտրանքային համակարգ կառուցելու համար, ընդ որում, տեսնում ենք, որ շատ վաղուց արդեն այդ հարցերը քննարկվում են, և ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ խոսում են այն մասին, որ իրենք պետք է պատրաստվեն առանց Միացյալ Նահանգների անվտանգության համակարգերի։ Բայց մյուս կողմից, այստեղ նաև Թրամփի համար կան հարցեր։ Օրինակ՝ ի՞նչ կլինի, եթե եվրոպական խաղացողներից շատերը այդ այլընտրանքային համակարգի տեսլականում արդեն սկսեն իրենք փորձել պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ այս իմաստով դեռ դիմակայությունը եվրատլանտյան բևեռում տարբեր մոտեցումների և գաղափարախոսությունների միջև կծավալվի։ Թրամփի հայտարարությունը «թղթե վագրի» վերաբերյալ անշուշտ պետք է նաև նկատի ունենալ այն համատեքստում, որ Թրամփն էպատաժային հայտարարությունների սիրահար է և փորձում է այդ կերպ կառավարել ու ստեղծել իր համար անհրաժեշտ տեղեկատվական միջավայր։
-Նա խոսել է նաև Իրանի պատերազմի մասին՝ ասելով, թե 2-3 շաբաթում կավարտեն։ Կարո՞ղ ենք սպասել ավարտին։
-Դարձյալ, այստեղ ևս Թրամփի հայտարարություններով կողմնորոշվելը, ես կարծում եմ, այդքան էլ ճշգրիտ տեղ չի տանի։ Մի բան անկասկած է, որ Թրամփն, իսկապես, Իրանի դեմ պատերազմով հայտնվել է քաղաքական թակարդում կամ փոսի մեջ։ Նա փնտրում է «դեմքը պահելու» միջոցով ելքեր։ Բայց այդ փնտրտուքը որքան էլ որ ինտենսիվ լինի, պետք է նկատի ունենալ, որ այդ պատերազմի շահառուներն էլ բավականին ներուժ ունեն՝ իրավիճակը շարունակաբար պատերազմական վիճակում պահելու համար։ Այս հարցը Թրամփի հայտարարություններով չէ, որ պետք է լուծվի կամ անգամ գնահատվի, բայց այն, որ ինքը պատերազմից դուրս գալու տարբերակներ է փնտրում, անկասկած է։ Դրա մի վկայությունն էր նաև այն, որ Թրամփը փաստորեն էլ չի խոսում Իրանի հետ ինչ-որ գործարքի մասին, այսինքն՝ դա չի դիտարկում որպես պայման, այլ հայտարարում է, որ պատերազմը կավարտեն՝ անգամ անկախ նրանից Իրանը գործարքի կգնա, թե ոչ։ Ինչքան պատերազմը շարունակվում է, այդքան Թրամփը ներքին խնդիրներ է ունենում ամերիկյան հասարակության հետ։
-Թրամփը պահանջում է, որ ԵՄ անդամ երկրները մասնակցեն Հորմուզի նեղուցի բացմանը, սակայն մի շարք եվրոպական երկրներ չեն աջակցում ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողություններում։ Ինչո՞ւ է այս իրավիճակը, և ինչի՞ կհանգեցնի դա։
-Եվրոպական երկրները չեն ուզում հայտնվել այդ պատերազմում, ավելին՝ նրանց համար գուցե նույնիսկ լավ է, որ Թրամփն է դրանում հայտնվել։ Իհարկե, եվրոպացիներն էներգետիկ ճգնաժամի հետևանքով զգալի կորուստներ են կրում, բայց այստեղ հարցը հետևյալն է․ եթե նրանք մտնեն այդ պատերազմի մեջ, այնպես չէ, որ կորուստները թեթևանալու են։ Ավելին՝ նրանք կարող են թիրախ դառնալ Իրանի համար, իսկ ինչքա՞ն ներուժ ունի Իրանը թիրախ խոցելու համար՝ դա որևէ մեկը չգիտի։ Եվրոպայի ներգրավումը պատերազմում ամենևին ինչ-որ անվերապահ հաղթանակի բանալի չէ, այլ հակառակը՝ պատերազմն ավելի բարդացնելու և խորացնելու տարբերակ է։ Նրանք չեն ուզում հայտնվել այդ դերում կամ այդ դիրքում։ Եվ Թրամփը, մյուս կողմից, դարձյալ պատերազմի ելքերի փնտրտուքի շրջանակում, արդեն փորձում է նաև հրաժարվել Հորմուզի նեղուցի պատասխանատվությունից։ Լսում ենք, որ հայտարարում է՝ եթե պատերազմը դադարի, նեղուցն ինքնին կբացվի։ Նեղուցի հարցում շատ հետաքրքիր է նաև Իրանի դիրքորոշումը. Թեհրանը փաստորեն փորձում է օրակարգ բերել այն, որ նեղուցը պետք է ֆորմալ անցնի Իրանի և Օմանի վերահսկողության ներքո, և նույնիսկ խոսում են այն մասին, որ այդ նեղուցով անցնողները պետք է վճարեն իրենց ու Օմանին։
Լիլիթ Աբրահամյան
