Ռուսաստանին միշտ ձեռնտու է այն ամենը, ինչն իրականացվում է ի նպաստ հայ ժողովրդի. Պուտին

Ռուսաստանին միշտ ձեռնտու է այն ամենը, ինչն իրականացվում է ի նպաստ հայ ժողովրդի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս պահին Կրեմլում շարունակվում են երկու երկրների առաջնորդների բանակցությունները։

Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ Հայաստանում ընթացող քննարկումներին՝ նշելով, որ Մոսկվան դրանց հանգիստ է վերաբերվում։ Այդուհանդերձ, Պուտինը շեշտել է, որ ԵԱՏՄ-ին և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանում գիտակցում են այդ անհամատեղելիությունը։ Վարչապետի խոսքով՝ այս պահին գործընթացները դեռ չեն հասել այն կետին, երբ անհրաժեշտություն լինի վերջնական ընտրություն կատարել։

Անդրադառնալով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ ռուսամետ քաղաքական ուժերը հնարավորություն կունենան մասնակցել ընտրապայքարին, սակայն հավելել է, որ դա բացառապես Երևանի որոշումն է։

Սա Հայաստանի վարչապետի 32-րդ այցն է Ռուսաստան։ Այն ուղեկցվել է բողոքի ակցիայով:

Leave a Comment