Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել կիբեռսպառնալիքների և հիբրիդային մարտահրավերների դեմ պայքարի հարցերում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի լայն գործիքակազմ՝ սկսած միջազգային-իրավական նախաձեռնություններից, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության հարթակում, մինչև կիբեռանվտանգության ոլորտում առկա ծրագրեր: Զախարովան նշել է, որ հայ գործընկերների կողմից համապատասխան հարցման առկայության դեպքում, Ռուսաստանը պատրաստ է կիսվել իր փորձով:
Միաժամանակ նա ընդգծել է, որ այս ոլորտում համագործակցությունը հնարավոր է միայն հայկական կողմի շահագրգռվածության առկայության պայմաններում:
«Սա երկկողմանի շարժման ճանապարհ է: Եթե կա շահագրգռվածություն և կարիք, Ռուսաստանը պատրաստ է արձագանքել», – ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ համագործակցությունը հնարավոր է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով, այնպես էլ ոլորտային մասնագետների ներգրավմամբ: Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում գործում է միջազգային տեղեկատվական անվտանգության դեպարտամենտ, ինչպես նաև ներգրավված են կիբեռսպառնալիքների հակազդման համար պատասխանատու այլ գերատեսչություններ:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 23-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ «հիբրիդային սպառնալիքները» կոնկրետ թելերով տանում են մի երկիր, և դա վերաբերում է տարբեր տրամաչափի գործիչներին և փորձագետներին։ Նա հայտարարել էր, որ ՌԴ-ն նման փորձ եթե ունի, ապա Հայաստանը պատրաստ է այդ փորձն ուսումնասիրել։
