Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է Եվրոպական միությանը՝ չմասնակցել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը՝ նշելով, որ այն չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Այս մասին նա ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտաի հետ հեռախոսազրույցում, գրում է Tasnim-ը։
Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները անվանել է «միջազգային նորմերի կոպիտ խախտում» և ընդգծել, որ Հորմուզի նեղուցը փակ է «ագրեսոր պետությունների» և նրանց դաշնակիցների հետ կապված նավերի համար։ Նա զգուշացրել է, որ ցանկացած արտաքին միջամտություն կունենա լուրջ հետևանքներ։
Իրանի նախագահը եվրոպական երկրներին կոչ է արել հրաժարվել «ոչ կառուցողական մոտեցումից» և քաղաքականություն վարել միջազգային իրավունքի հիման վրա։ Նրա խոսքով՝ Իրանը վարել է կառուցողական բանակցություններ, սակայն ենթարկվել է հարվածների, ինչը, ըստ նրա, վկայում է, որ նախընտրությունը տրվել է ճնշմանը, այլ ոչ թե երկխոսությանը։
Փեզեշքիանը նաև վերահաստատել է Իրանի ինքնապաշտպանության իրավունքը՝ նշելով, որ տարածաշրջանում առկա անկայունությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը, ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանք է։
Իր հերթին Կոշտան մտահոգություն է հայտնել հակամարտության աշխարհաքաղաքական և տնտեսական հետևանքների վերաբերյալ և ընդգծել, որ եվրոպական երկրները չեն աջակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
