Թույլ տվեք երեխայիս կողքին լինել, այս ամենը նրա առողջության վրա շատ վատ կանդրադառնա. մայր

Դավիթ և Միքայել Մինասյանները,  Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով ձերբակալվել են, ունեն առողջական խնդիրներ։ Տղաները հիմնական դպրոցը Կարմիր դիպլոմով են ավարտել, գերազանց սովորում են թիվ 29  ավագ  դպրոցում, պարապում են, որպեսզի բուհ ընդունվեն, ամեն կիրակի մասնակցում են պատարագի։

Դավիթի ու Միքայելի մայրը բժիշկ է։ Տղաները 4 տարեկան են եղել, երբ մայրը զբաղվել է նրանց առողջական խնդիրներով։

Մայրը և փաստաբանները հորդորում են դատաիրավական համակարգին միջադեպի տեսանյութը լավ ուսումնասիրել։ Փաշինյանի, նրա թիմի և  թիկնապահների՝ եկեղեցի մտնելուն պես հրմշտոց է առաջացել։ Մարդիկ պատարագի են եղել, ու հանկարծ մի մեծ խումբ ներխուժել է եկեղեցի, մարդիկ իրար են սեղմվել, հրել։

«Ուշադիր նայեք կադրերին, Դավիթին հրում են, նա ընկնում է, ձեռքը տանում ծնոտին, եղբայրը նրան բարձրացնում է։ Անկանոն շարժումներ են անում։ Մենք քաղաքական այս կամ այն ճակատի չենք հարում, կուսակցական չենք ու չենք եղել։ Թույլ տվեք երեխայիս կողքին լինել, այս ամենը նրա առողջության վրա շատ վատ կանդրադառնա։ Միքայելը տուն է եկել, բայց նա կարծես թոքաբորբով է հիվանդ։ Չգիտեմ՝ որդիներիցս որ մեկով զբաղվեմ։ Որդիներիս 18 ամյակը դեկտեմբերին է լրացել։ Նրանք երեխա են դեռ։ Ես նրանց 33 տարեկանում եմ ունեցել, շատ դժվարությամբ պահել-մեծացրել»,-դատարանի առջև, լրագրողների հետ հարցազրույցում ասաց տղաների մայրը՝ Գայանե Մինասյանը։

Լսելով որդու կալանավորման մասին լուրը՝ Գայանեն դատարանի բակում ուշագնաց եղավ։

Leave a Comment