Դավիթ Մինասյանին գիտակցության կորստով տեղափոխել են ԲԿ, հետո նորից՝ «Արմավիր» ՔԿՀ

Դավիթ Մինասյանին գիտակցության կորստով տեղափոխել են ԲԿ, հետո նորից՝ «Արմավիր» ՔԿՀ

1 ապրիլի 2026 – 16:10 AMT

PanARMENIAN.Net – Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Էջմիածին ԲԿ։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Փաստաբանը հայտնել է, որ Դավիթի մոտ առկա է գիտակցության կորուստ, կոլապս և գիտակցության ամեն կորուստը կարող է ճակատագրական լինել, կարող է մահվան հանգեցնել։ Բացի այդ, Դավիթն ունի նաև չբացահայտված ալերգիաներ դեղորայքի հանդեպ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթեր ներկայացնի, հայտնում է Aysor.am-ը:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը լրագրողներին ասաց, որ բժիշկներին ասել են 3 րոպե սպասեք՝ մայրը բժշկական փաստաթղթերը բերի, չեն սպասել։

«Իրենց հետազոտությունն ավարտվեց ընդամենը հարցնելով, թե «ո՞նց ես, տղա՛ ջան», մի հատ էլ սոնոգրաֆիա արեցին»,- նշել է Էլբակյանը։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ ասել է, որ ՔԿՀ-ում չեն կարողացել Դավիթին առաջին բուժօգնություն տրամադրել ու հիմա չեն հասկանում, թե ինչպես են հետագայում օգնելու տղային, քանի որ նա ունի ալերգիա։

Դավիթ Մինասյանը երեկվանից սնունդ չի ընդունել։

Էլբակյանը նաև նշել է, որ նրա պաշտպանյալը հոգեկան խնդիրներ չունի, հայտնում է Aysor.am-ը։

«Դավիթ Մինասյանը հոգեկան որևէ խնդիր չունի, Դավիթն ունի առողջական այլ խնդիրներ, բայց պայծառ, գիտակ երիտասարդ է»,- հայտարարել է նա։

Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է միջին ծանրության հանցագործության։

«Երբևէ տեսե՞լ եք՝ 2-5 տարի նախատեսող հոդվածով տանեն, 18 տարեկան երեխային կալանավորեն»,- հավելել է Էլբակյանը։

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում

Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»:

Միջադեպի մյուս մասնակիցները՝ Միքայել Մինասյանը և Գևորգ Գևորգյանը, արդեն ազատ են արձակվել։ Գևորգ Գևորգյանի նկատմամբ կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ և բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Վերջինս մեղադրվել է աջակցություն ցուցաբերելու մեջ։

Leave a Comment