«Այս աստիճան այլասերված ու անբարոյական վիճակ չի եղել. Նիկոլ Փաշինյանը սարսափում է 18 տարեկաններից». Նինա Կարապետյանց

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սադրանքից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանն այսօր 2 ամսով կալանավորվեց։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել քննիչի՝ 18-ամյա աշակերտին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Փաստաբանները չգիտեն՝ դատավորն ինչ հիմնավորմամբ է նման որոշում կայացրել, քանի որ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել։ 18-ամյա Դավիթին, ով սովորում է 12-րդ դասարանում, տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ, սակայն դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ Դավիթը գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։

«Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի բնորոշմամբ՝ ցավոք, Հայաստանում բոլոր ժամանակներում չի եղել արդարադատության համակարգ, բայց վստահեցնում է՝ այս աստիճան այլասերված ու անբարոյական վիճակ չի եղել երբեք։

«Մեկ տարուց ավելի է՝ հրահրում է իրավիճակներ, մարդկանց կրոնական զգացմունքների հետ է խաղում, նվաստացնում է, եթե կուզեք՝ մարդկանց սպանում ու պատասխան չի տալիս։ Հետո էլ զարմանում է, երբ հայտնվում է մի միջավայրում, որտեղ ինքը սպասելի չէ, և 18 տարեկան տղան պոռթկում է ունենում, արտահայտում է իր վերաբերմունքը, որից հետո մի ամբողջ համակարգ հարձակվում է մեկ 18 տարեկան տղայի վրա՝ սա արդեն բարոյական բոլոր նորմերից դուրս է։ Թող ինձ չասեն, թե տեղի է ունեցել միջադեպ, որին պետք է տրվի իրավական գնահատական»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մինչև Դավիթի գործողություններին իրավական գնահատական տալը, բոլոր նման խոսույթ տարածողները նախևառաջ պետք է իրավական ու քաղաքական գնահատական պահանջեին արդարադատության համակարգից՝ այն մարդու հանդեպ, ով ատելության, հակահայկականության քարոզի Աստվածն է եղել, տիեզերական մասշտաբի մանիպուլյացիաներ ու քարոզ է արել։

«Եթե այս մարդու արածները մի քանի տարի շարունակ չեն դատապարտել, ուրեմն՝ Դավիթի գործողությունների բարոյականության կամ իրավականության դաշտում գործելու հարցում բացարձակ իրավունք չունեն խոսելու։

Նիկոլ Փաշինյանը սարսափում է 18 տարեկաններից, նրա պատկերացումներով՝ հենց այս 18 տարեկաններն են ու մի քիչ ավելի բարձր տարիքով մարդիկ, որ գալու են ու իրեն մերժեն։

Անկեղծորեն ես այսօր երիտասարդներից ակնկալում եմ պատասխան, ոչ բռնության տեսքով, այլ ընտրություններին մասնակցելով ու Նիկոլին մերժելու ձևով։ Սա նրան տրվելիք լավագույն պատասխանն է լինելու։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հրահրելու է իրավիճակներ, ու պետք է խնդրեմ, շատ խնդրեմ երիտասարդներին՝ չտրվեն սադրանքների, սա շատ կարևոր է։ Նրանք պետք է հստակ պատկերացում ունենան, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևերով բոլոր երիտասարդների հետևից գնալու է, մի մասին կզոհաբերի, հետո կհայտարարի՝ «անիմաստ զոհեր»»,- շեշտեց Նինա Կարապետյանցը։

Նրա խոսքով՝ երիտասարդների մի մասին էլ Նիկոլ Փաշինյանը կլցնի բանտերը ու կհայտարարի, որ մեղավոր են։

«Ձեզ Նիկոլ Փաշինյանը՝ իր անվտանգության աշխատակիցներով, բռնության կենթարկի ու կասի՝ մեղավորը դուք եք, սրա պատասխանը մեկը պետք է լինի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մերժվի։ Սրտիկները, որոնք նա ուղարկում է, ձեզ չի վերաբերում սիրելի երիտասարդներ, այլ վերաբերում է նրանց, որոնք պետք է գնահատեին իր աշխատանքը՝ հենց ձեր դեմ ուղղված։

Սա մեր արդարադատության համակարգի ամոթալի էջերից մեկն է, Նիկոլ Փաշինյանն ուղիղ վտանգ է տեսնում երիտասարդներից, հուսամ՝ երիտասարդներն իրենց վերաբերմունքը կդրսևորեն շատ կոնկրետ ու առարկայական»,- ընդգծեց Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին, երբ Սուրբ Աննա եկեղեցում պատարագ էր, Նիկոլ Փաշինյանը թիմակիցների ու անվտանգության աշխատակիցների հետ որոշել էր մտնել եկեղեցի, իսկ նրա անվտանգության աշխատակիցները հավաքված մարդկանց հրելով՝ փորձել էին ճանապարհ բացել։ Այդ ժամանակ Դավիթը իր եղբոր՝ Միքայելի հետ եկեղեցում մասնակցում էին պատարագի և հորդորել էին իրենց չհրել։ Այդ ժամանակ հրմշտոց էր սկսվել, Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը բռունցքով հարվածել էր Դավիթին։ Միջադեպից հետո 2 եղբորը ձերբակալել էին, այս պահին Միքայելն ազատության մեջ է՝ մեղադրալի կարգավիճակով, նա ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի ու չբացակայելու վերաբերյալ ստորագրության դիմաց։

Leave a Comment