Հորմուզի նեղուցով անցումը վճարովի կդառնա օտարերկրյա ընկերությունների նավերի համար

Իրանը ձևավորում է Հորմուզի նեղուցով անցման համար վճարի գանձման մեխանիզմ, գրել է The Economic Times-ը՝ վկայակոչելով Lloyd’s List Intelligence-ին։

Նշվում է, որ առնվազն երկու նավ արդեն իսկ վճարել է անցման համար: Վճարները կատարվում են յուանով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փաստացի սահմանել է մաքսային վճար:

Ըստ գործակալության տվյալների՝ սովորաբար նավերն օգտվում են նեղուցի կենտրոնում գտնվող երկգոտի նավարկելի ջրանցքից: Սակայն գնալով ավելի հաճախ նրանք ընտրում են մեկ այլ երթուղի՝ դեպի հյուսիս՝ Լարակ կղզու շուրջը, ինչը նրանց բերում է Իրանի տարածքային ջրեր և մոտեցնում նրա ափերին:

Ընկերությունները, որոնք ցանկանում են, որ իրենց նավերն ապահով անցնեն նեղուցով, պետք է իրենց տվյալները տրամադրեն ԻՀՊԿ-ի, այսպես կոչված, «հաստատված միջնորդներին»: Տրամադրվող տեղեկատվության թվում են բեռի, սեփականատերերի, նպատակակետի մասին տվյալները և անձնակազմի ամբողջական ցուցակը:

Իրանի խորհրդարանն աշխատում է օրենքի նախագծի վրա, որը պետք է ձևակերպի Հորզմուզի նեղուցում որոշ նավերից վճարների գանձումը, հաղորդում է The Economic Times-ը՝ հղում անելով իրանական տեղական լրատվամիջոցներին:

Իրանի այս մոտեցումը կարող է հակասել միջազգային իրավունքին: ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի 17-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունները պետք է ապահովեն օրենքին ենթակա նավերի «խաղաղ անցումն» իրենց տարածքային ջրերով:

Leave a Comment