Թիվ 94 մանկապարտեզի ծնողները պահանջում են տնօրենի հեռացումը

Թիվ 94 մանկապարտեզի ծնողները պահանջում են տնօրենի հեռացումը

1 ապրիլի 2026 – 13:06 AMT

PanARMENIAN.NetԹիվ 94 մանկապարտեզի մոտ երեխաների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով տնօրեն Փառանձեմ Միրիբյանի հրաժարականը։

«Մեր հաստատություննում 1.5 տարվա ընթացքում, ինչ տնօրենը գործունեություն է ծավալում, 10-ից ավել աշխատողներ «ինքնակամ» դիմում են ներկայացնում և հերթով հեռացվում են։ Մանկապարտեզի տնօրենը դասիարակներին, այսպես ասած, փակուղու մեջ է դնում»,- նշել է ծնողներից մեկը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա փոխանցմամբ՝ դաստիարակները վախի մթնոլորտի պայմաններում «ինքնակամ» հեռացել են աշխատանքից։

«Այս անգամ իրավիճակն ավելի մասշտաբային է և աշխատանքից ազատված դաստիարակները 1-2-ը չեն։ Նրանք փաստի առաջ են կանգնած, որովհետև գիտեն, որ այլ տարբերակ չունեն, հերթական զոհն են տվյալ տնօրենի, ստիպված դիմում են ներկայացնում, քանի որ տվյալ միջավայրում, անառողջ մթնոլորտում չեն կարող աշխատել։ Մենք ներսի խոհանոցին տեղյակ չենք, բայց դրսից տեսնում ենք, որ ինչ-որ մի բան կատարվում է։ Շատ բաներից տեղյակ չենք, այն պարզելու համար պետք է հետաքննություն կատարվի»,- ասել է ծնողը։

Նա նաև նշել է, որ աշխատանքից հեռացված դաստիարակները դիմել են վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն հարցը լուծում չի ստացել, և հեռացումները կազմակերպվել են կարճ ժամանակահատվածում։

«Դաստիարակները չեն խոսում, իրենց վերադասին պահում են, բայց մենք այսպես չենք թողնելու. մեր երեխաների և դաստիարակների շահերը պաշտպանելու ենք»,- նշել է նա։

Ծնողները տեղեկացրել են, որ մանկապարտեզի դռները փակ են եղել երկու ամիս, իսկ մոտ 35 երեխա հերթով, զանգերի միջոցով, դաստիարակների կողմից տեղափոխվել է ներս ու դուրս։ Նրանց պնդմամբ՝ տնօրենը նաև վիրավորական արտահայտություններ է օգտագործել դաստիարակների նկատմամբ։

«Դրանք անվայել բառեր են՝ որպեսզի հնչեցնեմ, եթերային չեն»,- հայտնել է ծնողը։

Ծնողները պահանջում են, որպեսզի աշխատանքից հեռացված դաստիարակները վերադառնան, սակայն վերջիններս չեն ցանկացել վերադառնալ նման միջավայր։

«Խնդրի միակ լուծումը, որպեսզի մենք նույնպես մնանք այս մանկապարտեզում՝ տնօրենի հեռացումն է։ Եթե տնօրենը դիմումը չգրի, մենք 190 ծնողով դիմում ենք գրելու, մեր երեխաներին ինքնակամ հեռացնելու ենք մանկապարտեզից, ավելի լավ է մեր աշխատավայրում խնդիր լինի, բայց մեր երեխաները մնան ապահով ձեռքերում, քան այս վտանգի տակ լինեն»,- հայտնել է ծնողը՝ հավելելով, որ ազատված դաստիարակների փոխարեն տնօրենը աշխատանքի է ընդունել իր բարեկամներին։

Leave a Comment