Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի նախագահի մոտ, որտեղ պատրաստվում է ռազմավարական գործընկերության մասին հարցեր քննարկել նրա հետ։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրա դիրքերը երկրում թուլանում են խորհրդարանական ընտրություններից առաջ, և հանրությունը դեռևս չի ներել նրան Լեռնային Ղարաբաղի կորստի համար, հաղորդում է ՆՏՎ հեռուստաալիքը։
Հայաստանի վարչապետը մտադիր է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հեռանկարները, և սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հենց Փաշինյանի ներքաղաքական դրությունն է գնալով էլ ավելի երերուն դառնում։ Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարն ավանդաբար դիմում է Ռուսաստանին հենց այն ժամանակ, երբ երկրի ներսում լուրջ դժվարությունների է բախվում։
Ըստ նյութի հեղինակների՝ դրանցից գլխավորը մնում է Ղարաբաղի կորուստը. հասարակության զգալի մասը չի ներել վարչապետին տարածաշրջանի կորստի համար, իսկ փախստականները նրան բացահայտ մեղադրում են դավաճանության մեջ։ Ռեպորտաժում բերվում է Երևանի մետրոյում տեղի ունեցած հատկանշական մի միջադեպ, որտեղ Փաշինյանը վիճաբանության մեջ է մտել Ղարաբաղից տեղահանված մի կնոջ հետ, և խոսակցությունն ակնհայտորեն չի դասավորվել նրա օգտին։
Ինչպես հաղորդում է «ՆՏՎ»-ն, այս ամենի ֆոնին նախընտրական քարոզարշավ է ծավալվում. մոտենում են խորհրդարանական ընտրությունները, իսկ իշխող կուսակցության վարկանիշները հեռու են հուսադրող լինելուց: Փաշինյանն ակտիվ աշխատանք է տանում սոցիալական ցանցերում և շփվում ժողովրդի հետ, սակայն, ինչպես ընդգծվում է ռեպորտաժում, շարքային քաղաքացիների հետ շփումներն ավելի ու ավելի հաճախ են վերածվում անհարմար իրավիճակների: