Նախագահը չի ստորագրել դատավորի նշանակումը և դիմել է ՍԴ

Նախագահը չի ստորագրել դատավորի նշանակումը և դիմել է ՍԴ

1 ապրիլի 2026 – 10:48 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի ստորագրել Վազգեն Տիգրանի Սահակյանին դատավոր նշանակելու հրամանագիրը և դիմել է Սահմանադրական դատարան։

Բարձրագույն դատական խորհուրդը մարտի 12-ին է նախագահի քննարկմանը ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում Սահակյանի թեկնածությունը։ Նախագահը հարցը փոխանցել է ՍԴ՝ սահմանադրականության ստուգման նպատակով, հայտնում է «Փաստինֆոն»:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ թեկնածուի բարեվարքությունը լիարժեք դրական գնահատականի չի արժանացել, մինչդեռ ԲԴԽ-ն նրա թեկնածությունը ներկայացրել է առանց բավարար հիմնավորումների։

Սահմանադրական դատարանն արդեն ընդունել է դիմումը վարույթ։ Դատաքննությունը պետք է մեկնարկեր մարտի 31-ին՝ գրավոր ընթացակարգով, և գործով զեկուցող է նշանակվել դատավոր Էդգար Շաթիրյանը։ Որպես պատասխանող կողմ ներգրավվել է ԲԴԽ-ն։ ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ով նախկինում եղել է ԲԴԽ անդամ, ինքնաբացարկ է հայտնել։ Բացի այդ, ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ պահանջել է համապատասխան փաստաթղթեր նախագահի աշխատակազմից և ԲԴԽ-ից։

37-ամյա Վազգեն Սահակյանը որևէ տեղ չի աշխատում՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակում առկա տեղեկատվության։

Leave a Comment