Ղրիմում կործանվել է Ан-26 ինքնաթիռը, բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռազմատրանսպորտային ինքնաթիռի հետ կապը կորել է նախօրեի երեկոյան: Ինքնաթիռը պլանային թռիչք էր իրականացնում թերակղզու վրայով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ ինքնաթիռի վրա խոցող ազդեցություն չի եղել։
Ապրիլի մեկի գիշերը հայտնի է դարձել, որ ինքնաթիռը կործանվել է։ Ավելի ուշ հայտնաբերվել է այն վայրը, որտեղ ընկել է Ан-26-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նա բախվել է ժայռին։
«Որոնողափրկարարական խումբը հայտնաբերել է Ан-26 ինքնաթիռի կործանման վայրը։ Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ անձնակազմի վեց անդամները և ինքնաթիռում գտնվող 23 ուղևորները զոհվել են», – ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Վթարի վայրում աշխատում է Պաշտպանության նախարարության հանձնաժողովը։
