Արաղչին հայտնել է Ուիթքոֆի հետ հաղորդագրությունների փոխանակման մասին և ներկայացրել պատերազմը դադարեցնելու պայմանները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ հաղորդագրություններ է ստանում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆից։

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա ընդգծել է, որ սա չի նշանակում, որ կողմերը բանակցություններ են վարում:

«Սրանք բանակցություններ չեն. դրանք պարզապես հաղորդագրությունների փոխանակում են՝ կամ ուղղակիորեն, կամ տարածաշրջանում մեր ընկերների միջոցով», – գործակալությունը մեջբերել է Արաղչիի խոսքերը: Նախարարի խոսքով՝ Իրանը դեռևս ԱՄՆ-ին պաշտոնական պատասխան չի ուղարկել հակամարտության կարգավորման 15 կետանոց ծրագրի վերաբերյալ և որևէ հակապայման չի առաջ քաշել:

Արաղչին նաև հայտարարել է, որ Թեհրանը չի համաձայնվում հրադադարին և ձգտում է «պատերազմի լիակատար դադարեցմանը՝ ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում»:

 «Իրանի պայմանները ներառում են կրկնակի ագրեսիան կանխելու և վնասի փոխհատուցման երաշխիքներ», – նշել է նա:

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Leave a Comment