«Թեք Տեղ» թատերական փորձարարական հարթակը նոր թատերաշրջանը բացում է «Բազարստանի կանայք» դոկումենտալ ներկայացմամբ, որի մասին պատմում են հեղինակ Էլլա Կանեգարյան-Բերբերյանն ու դերասաններ Ալբերտ Գրիգորյանն ու Մարիաննա Ղազարյանը։ Այս բեմադրությունը վերանայում է վավերագրական թատրոնի մասին ավանդական պատկերացումները։ Ներկայացումն հիմնված է EVN Report հարթակում հրապարակված համանուն պատմվածքի վրա։
Հեղինակի և «Թեք Տեղ» թատերական հարթակի հիմնադիր Նանոր Պետրոսյանի հետ համագործակցության արդյունքում ծնված այս նախագիծը, Էլլա Կանեգարյան Բերբերյանի 2020 թվականին դեպի Թուրքիա կատարած իրական ճանապարհորդության փորձառությունն է։ Ավտոբուսում պատահական հանդիպած կանանց պատմությունները բացահայտում են մի «միջանկյալ գոտի»՝ Բազարստանը։ Սա Հայաստան-Թուրքիա առևտրային գոտում աշխատող հայ, թուրք և ադրբեջանցի կանանց ստեղծած յուրահատուկ հարթակն է, որտեղ նրանք սովորել են համագործակցել ու ընկերանալ՝ զերծ մնալով փոխադարձ մեղադրանքներից։
Թեման առանձնակի արդիականություն է ստանում խաղաղության գործընթացների համատեքստում։ Ըստ հեղինակի՝ եթե խաղաղության փաստաթղթերը քաղաքական գործիչների տիրույթում են, ապա բուն խաղաղությունը քաղաքացիական աշխատանք է, որը ձևավորվում է մարդկային շփումների ու մշակույթի միջոցով։ Ներկայացումն ունի անսովոր ձևաչափ. հերոսը, դերասանն ու տարբեր հայացքներ ունեցող հանդիսատեսը հայտնվում են նույն հարթակում։ Գործողությունն սկսվում է դահլիճում և շարունակվում միկրոավտոբուսի մեջ՝ հանդիսատեսին դարձնելով ճամփորդության անմիջական մասնակիցը։