Որպես իրավապաշտպան՝ Հայաստանում տեսնում եմ անհանդուրժողականության, մթնոլորտի լարման, ատելության խոսքի բավական բարձր ցուցանիշ, որը կարող է մարդկանց մոտ առաջացնել նաև տարբեր տիպի ագրեսիվ ռեակցիաներ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո դպրոցական երկու եղբայրների ձերբակալության թեմային։
«Եվ սա հենց հետևանք է, ոչ թե պատճառը, որը մենք տեսնում ենք։ Իրականում ուժով տարբեր տիպի էմոցիաներ ցույց տալը, տարբեր տիպի լարվածություններ հրահրելը, ատելության խոսք տարածելը երկուստեք է։ Ես մշտապես ասում եմ, որ իշխանությունը թելադրում է այն չափանիշները, այն նշաձողը, որի շրջանակներում կարող են Հայաստանում պրոցեսներ տեղի ունենալ. մասնավորապես նույն ատելության չափաբաժնի բարձրացում, բղավելու, հայհոյանք հնչեցնելու, այդ մեթոդներով ուժ ցուցադրելու մեթոդաբանանությունն է ընդունելի դառնում, որը հենց այսպիսի արդյունքներ կարող է տալ։
Քաղաքական մարմիններում, Ազգային ժողովում քանի՞ անգամ ենք տեսել նույն ուժի և ծեծկռտուքի տեսարաններ, որոնք մնում են բոլորովին անպատիժ և բացարձակ անարձագանք։
Հիմա մենք տեսնում ենք մի հետևանք, որի շրջանակներում բոլորովին անպաշտպան մարդիկ, հենց մտնում են այդ խոսույթի մեջ և սկսում են կիրառել նույն բառապաշարը, դառնում են այդ հարաբերությունների թե՛ բռնարարը, թե՛ միևնույն ժամանակ զոհը»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա սոցիալական անընդունելի հարաբերությունների արդյունք է՝ բռնություն, որը ծնում է բռնություն։
Ըստ իրավապաշտպանի՝ քաղաքացիական դիրքորոշումը պետք է բացառի բռնության որևէ տարր։
«Տարիներ շարունակ մենք եղել ենք ակտիվիստական դիրքերում, ունեցել ենք բազմաթիվ ակցիաներ իրականացնելու փորձ, բայց դա եղել է բացարձակ խաղաղ բնույթի։ Դրանք եղել են անհնազանդության ակցիաներ. ոստիկանական կամ տարբեր տիպի հակադիր պրովոկացիաների որևէ փորձ չի եղել, չենք տրվել սադրանքների։ Անհնազանդության ակցիաներն ինչ-որ տեղ նաև հասարակություն են գեներացրել, մարդիկ եկել են գաղափարների համար։ Հիմա այստեղ գաղափարների խնդիրն է կարևոր և ոչ թե այն բռնությունների մեթոդաբանությունը, որն օգտագործվում է։ Էլի եմ ասում՝ դա ընդհանուր ահանդուրժողականության մթնոլորտի արդյունք է. դա միայն տվյալ անձանց խնդիրը չէ, այլ այն բոլոր մեթոդները, որոնք լեգիտիմացրել են ուժի ցուցադրության և բռնության կիրառմամբ հարցեր լուծելու հնարավորությունը»,- նշեց մեր զրուցակիցը։
Իրավապաշտպանը շեշտեց՝ մարդիկ, որոնք սեփական էմոցիաները կառավարելու տեսանկյունից հմուտ չեն, հայտնվում են ամենխոցելի իրավիճակներում։
Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունի անչափահաս եղբայրների նկատմամբ արդարադատության կայացման վերաբերյալ, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց՝ անչափահասների նկատմամբ համակարգը սովորաբար միշտ ավելի մեղմ է գտնվում, ինչին էլ ականատես ենք եղել տարիներ շարունակ։
«Հայաստանում բավական քիչ են քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասները, և ես կարծում եմ, որ ձերբակալված եղբայրների նկատմամբ պետք է կիրառվի բոլորովին այլ մեթոդաբանություն։ Հասարակությունը պետք է ավելի լուրջ վերաբերի անչափահասների նկատմամբ տարբեր տիպի հարկադրանքի մեթոդների կիրառմանը, որովհետև անչափահասները մեր հասարակության հայելին են։ Եթե հասարակությունն անհանդուրժող է, բռնության մշակույթի կրողն է, անչափահասները նույնիսկ անգիտակցաբար կարող են դառնալ ընդունելի այդ մշակույթի կրողները՝ պատճենելով մեծերի վարքը։
Անչափահասների օրինակը պետք է բոլոր մնացածների համար ահազանգ հանդիսանա՝ հասկանալու, որ կրքերը ոչ թե պետք է լարել և բևեռացնել հասարակությունը, այլ տանել դեպի կառուցողական երկխոսություն »,- ամփոփեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրները Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ են: Մասնավորապես, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ էր ձերբակալվել։
Հատկանշական է, որ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ երկվորյակ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։