Պակիստանում քննարկվել են Հորմուզի նեղուցը նավագնացության համար վերաբացելու տարբերակներ. Reuters

Պակիստանը մարտի 29-ին Իսլամաբադում ընդունել է Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներին՝ Իրանի շուրջ պատերազմի դադարեցման միջնորդական ջանքերի շրջանակում Հորմուզի նեղուցը նավագնացության համար վերաբացելու առաջարկները քննարկելու նպատակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունների մասին, իսկ համաշխարհային նավթի գներն աճել են՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև շարունակվող մարտական գործողությունների ֆոնին։

Աղբյուրները նշել են, որ քննարկումների առաջին փուլում կողմերը կենտրոնացել են Վաշինգտոնին ներկայացվող առաջարկների վրա՝ կապված ծովային երթևեկության կայունացման և Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների վերագործարկման հետ։ Reuters-ի զրուցակիցների տվյալներով՝ նեղուցը նախկինում ապահովում էր համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդի տեղափոխումը, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանը փաստացի սահմանափակել է նավագնացության հոսքերը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածներից հետո։

Reuters-ի հաղորդմամբ՝ պակիստանյան աղբյուրներից մեկի խոսքով՝ առաջարկների փաթեթում, այդ թվում՝ Եգիպտոսի կողմից առաջ քաշված, դիտարկվել են Սուեզի ջրանցքի նման վճարային մեխանիզմներ։ Երկու այլ աղբյուրներ նշել են, որ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան քննարկել են նավթային հոսքերի կառավարման համար կոնսորցիում ստեղծելու տարբերակը՝ առաջարկելով, որ Պակիստանը նույնպես մասնակցի, սակայն Իսլամաբադը, ըստ նույն աղբյուրի, պնդել է, որ նման առաջարկ պաշտոնապես չի ստացել և մտադիր չէ միանալ դրան։

Նույն տեղեկությունների համաձայն՝ նեղուցի կառավարման կոնսորցիումի գաղափարը քննարկվել է նաև ԱՄՆ-ի և Իրանի հետ։ Թուրք դիվանագիտական աղբյուրը Reuters-ին ասել է, որ Անկարայի առաջնահերթությունը հրադադարի ապահովումն է, իսկ նավերի անվտանգ անցման երաշխավորումը կարող է դիտարկվել որպես վստահության ամրապնդման քայլ։

Associated Press-ի հաղորդմամբ՝ Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է միջնորդական դեր ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունների կազմակերպման հարցում։ Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ Իրանը համաձայնել է թույլ տալ Հորմուզով անցնել Պակիստանի դրոշի տակ գործող ևս 20 նավի։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Իրանը խնդրել է բանակցություններ, պատրաստ է զիջումների, և քննարկում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված 15 կետից բաղկացած փաստաթուղթը: Թեհրանը պատասխանել էր, որ Թրամփի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են մեկ նպատակ՝ «հանդարտեցնել» նավթային շուկաները:

 

 

 

Leave a Comment