Ամերիկյան համալսարանը իրանական սպառնալիքների ֆոնին անցել է առցանց ուսուցման

Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների շրջանակում ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի սպառնալիքների ֆոնին երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով, հայտարարել են Երևանի ամերիկյան համալսարանից։

Բուհից նշել են, որ ուշադիր հետևում են իրավիճակին և կտեղեկացնեն ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։

«Մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա»,- նշել են բուհից ու պարզաբանել, որ որոշումը ունի նախազգուշական բնույթ։

Իրանը սպառնացել էր հարվածել տարածաշրջանում գտնվող իսրայելական և ամերիկյան համալսարաններին՝ ի պատասխան երկու իրանական համալսարանների վրա հարձակումների: Եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ տարածաշրջանում գտնվող իր համալսարանները խուսափեն պատասխան միջոցներից, ապա այն պետք է դատապարտի համալսարանների ռմբակոծությունները մինչև մարտի 30-ի Թեհրանի ժամանակով կեսօրը, նշել են նրանք։

Leave a Comment