Արցախի բարբառն առանց Արցախի – armeniatoday.am

Տարբեր հայ լեզվաբանների կարծիքով` շուրջ 50 բարբառ կա հայերենում և դրանցից մեկն Արցախի բարբառն է: Ինչպես մյուս բարբառները, Արցախի բարբառը ևս որպես լեզվի տարածքային տարբերակ` դարեր շարունակ օգտագործվել է Արցախում` որպես կենցաղային հաղորդակցման միջոց:

Ըստ Հրաչյա Աճառյանի լեզվի ինստիտուտի աշխատակից Լուսինե Մարգարյանի` Արցախի բարբառը ոչ միայն հայերենի ամենահին, այլև ամենաշատ ուսումնասիրված բարբառներից մեկն է և հնչյունական ու բառապաշարային շատ առանձնահատկություններ ունի գրաբարի, միջին հայերենի և ժամանակակից արևելահայերենի հետ:

«Մաշտոցյան այբուբենում «ֆ» չկար, Արցախի բարբառը ևս «ֆ» չի ունեցել, և բոլոր բառերն սկսվել են «փ»-ով` փուտբոլ, կոփե…. Սակայն անկախության շրջանում գրականախոս միջավայրի հետ շփումը, հատկապես երիտասարդների խոսքում, ավելացրել է «ֆ»-ն, ասել է Մարգարյանը:

2023թ. սեպտեմբերի 23-ին Արցախի բնակչության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան 115 000 արցախցի ստիպված էր լքել հայրենի բնակավայրը և ապաստան գտնել կա՛մ Հայաստանում, կա՛մ արտերկրում: Տեղահանումն անհետևանք չի մնացել նաև Արցախի բարբառի համար: Լեզվաբանի կարծիքով` հիմա վտանգված է Արցախի բարբառի գոյությունը, քանի որ այն այլևս չի օգտագործվում իր բնական միջավայրում` Արցախում, և կրում է այլ լեզուների կամ հայերենի այլ բարբառների ազդեցությունը:

«Բարբառը կենսունակ է իր միջավայրում` փոխանցվելով սերնդեսերունդ, որպես հաղորդակցման միջոց, իսկ այժմ այն կանգնած է ձուլման վտանգի առաջ»,- ասել է Մարգարյանը:

Միջին և ավագ սերնդի արցախցիները՝ հատկապես մանուկների և պատանիների խոսքում, արդեն նկատել են որոշակի հնչյունաբանական փոփոխություններ և մտահոգված են դրանով: Դպրոցում, մանկապարտեզում, բակում այդ երեխաները լսում են կա՛մ այլ բարբառներ, կա՛մ հենց գրական արևելահայերենը, որն անհետևանք չի մնում արցախյան բարբառի համար:

«Արցախում մենք ասում ենք «լ», արցախցի երեխաներն այլևս «լ» չեն ասում, այլ մի տեսակ мягкий знак են դնում կողքը` Լյուսինե»,- ասել է արցախցիներից մեկը:

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումներն արցախցիները համարում են ոչ թե վերջնարդյունք, այլ անցողիկ դժվարություն: Նրանք հավատում են, որ մի օր Արցախի բարբառը նորից հնչելու է Արցախում, և դա հնարավոր են համարում միայն հավաքական վերադարձի դեպքում: Իսկ մինչ այդ Արցախի կարոտն առնում են Արցախի բարբառով:

«Հիմա հենց որևէ տեղ լսում եմ` մեկը խոսում է արցախյան բարբառով, միանգամից շրջվում եմ, հասկանամ՝ ծանո՞թ է. դա ներքին ջերմություն, հարազատություն է ստեղծում մեր միջև»,- այսպես է բացատրել բարբառի նշանակությունը մեկ այլ արցախցի:

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Comment