Իսրայելի բուն նպատակը «տարածաշրջանի իսլամադավան պետությունների միջև երկպառակության սերմեր ցանելն» է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել A Haber հեռուստաընկերությանը: Այդ մասին ընդարձակ տեղեկություն տարածել է «Անադոլուն»:

Ֆիդանի խոսքից կարելի է առանձնացնել մի քանի սկզբունքային շեշտադրումներ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմը բնորոշել է «ապօրինի և միջազգային իրավունքին հակասող»:

Երկրորդ կարևոր ընդգծումն այն է, որ, ըստ Ֆիդանի, Թուրքիան դեռևս հունվարին իրազեկ է եղել, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են հարվածել Իրանին և փորձել է կանխել: Նա վկայակոչել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ բանակցությունները, որի ընթացքում միջնորդություն է առաջարկել, բայց փաստացի մերժում է ստացել:

Ֆիդանի երրորդ կարևոր շեշտադրումը վերաբերում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ Իսրայելի «կառուցվածքային ազդեցությանը», որը, Թուրքիայի արտգործնախարարի ձևակերպմամբ՝ այլեւս «միջազգային հանրության համար գաղտնիք» չէ:

Այս կետում նա կատարել է աշխարհաքաղաքական նշանակության ընդհանրացում և ձևակերպել, որ Իսրայելի բուն նպատակը «տարածաշրջանի իսլամադավան պետությունների միջև երկպառակության սերմեր ցանելն» է:

Նա բացահայտել է, որ պատերազմի երեք շաբաթների ընթացքում Իրանին միայն մի խորհուրդ է փոխանցել. «Զսպվածություն ցուցաբերել և Պարսից ծոցի արաբական երկրների դեմ հրթիռային պատասխան հարվածներ չիրականացնել»:

Ըստ երևույթին, Թուրքիան մտահոգված է, որ հետկոնֆլինկտային շրջանում արաբական երկրները չեն մոռանա Իրանի կողմից ստացած հարվածները, իսկ այդ դեպքում տարածաշրջանում իսլամական համերաշխություն չի հաստատվի:

Ֆիդանի հարցազրույցը նախորդել է Ֆլորիդայում Սաուդյան Արաբիայի գործարար շրջանակների հետ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը, որի ընթացքում, ինչպես հայտնի է դարձել ամերիկյան մամուլին, նա շատ կոպիտ է արտահայտվել թագաժառանգ բին Սալմանի հասցեին:

Ի՞նչ արձագանք կունենա Թրամփի «հաճոյախոսությունը», ցույց կտա ժամանակը: Խիստ կարևոր է Իսրայելի նախկին վարչապետ Բենետի սոցցանցային գրառումը, որով նա զգուշացրել է, որ «Իրանից հետո հերթը Թուրքիայինն» է:

Նախօրեին Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Սուլեյման Սոյլուն Իսրայելին սպառնացել է ցամաքային ներխուժման սցենարով:

Նա պարզորոշ ասել է, որ այդ հարձակումը Թուրքիային «կարժենա երեք-չորս հարյուր հազար զոհ, բայց հրեական պետությունը կբնաջնջվի»: A Haber-ին հարցազրույցը Ֆիդանն ավարտել է ենթատեքստային կանխատեսմամբ. «Երևի թե կգա ժամանակ, երբ հարկ կլինի սիոնիստական ցանցի հանդգնությունը կասեցնել գլոբալ համերաշխությամբ»:

Leave a Comment