Հրազդանում «Հայաստան» դաշինքի հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց կադրային քաղաքականության մասին՝ նախապես քննադատելով ՔՊ-ի կադրային ոչ պրոֆեսիոնալիզմը։
«Մարդ չի կարող ղեկավար աշխատել, եթե ոլորտը չի հասկանում, ուղղակի չի կարող։ Եվ եթե ուզում ես իսկապես ոլորտը զարգացնել, պետք է մարդու նշանակես պաշտոնում, որը այդ ոլորտը զգում է, հասկանում է։ Սա անկասկած է։ Եվ այդպես է եղել իմ իմ նախագահության տարիներին։ Դրանով է պայմանավորված, որ մարդիկ երկար են աշխատել։ Արտգործնախարարը 10 տարի եղել է արտգործնախարար, արդարադատության նախարարը, եթե չեմ սխալվում, մոտ 9 տարի։ Ոստիկանապետը՝ Հայկ Հարությունյանը, 99 թվականից և այսպես շարունակ։ Երկար են աշխատել։ Եթե դու կարող ես, օրինակ, վեց տարում, յոթ տարում հինգ ոստիկանապետ փոխել, մի վեց-յոթ անվտանգության ծառայության պետ, նախարարներ կան, որ «սեմչկիայի» պես։ Առաջինը, փոխելու ապրանք են իրականում, բայց գոնե եթե տեսնում ես, որ հաջող չի, փոխում ես, գոնե տեղը մի մարդ բեր, որ արհեստավարժության ինչ-որ մակարդակ ունենա։ Այդ տեսանկյունից հիմա պատկերը խայտառակ է:
Դուք վերցրեք՝ իմ տարիներին ինչքան էին աշխատում նախարարները, իրենց մասնագիտությունը․ երբեք չի եղել, որ, օրինակ, իրավաբանին նշանակեմ առողջապահության նախարար կամ բժիշկին՝ արդարադատության նախարար։ Նման բան չի եղել։
Ինչ վերաբերում է թայֆայական մոտեցմանը, ես 10 տարի նախագահ եմ եղել, գտեք մեկ մարդ, որը նշանակվել է կարևոր պաշտոնի, որը ինձ բարեկամ է կամ ազգական։ Ուղղակի գտեք, հրապարակեք այդ մարդու անուն-ազգանունը, որը կարևոր ինչ-որ կարևոր դիրքում էր ։ Չկա։ Կամ, օրինակ, համադասարանցի, կամ համակուրսեցի։ Իմ համակուրսեցիներից միմայն մեկը Մարտունու շրջանում միլպետ էր, այն էլ ես իմացել եմ իր նշանակման մասին հետո, որ այցելել եմ այդ մարզ։ Չգիտեի, Հայկ Հարությունյանը նշանակել էր։
Հիմա որ նայում ես՝ քավոր, սանիկ, աներձագներ, չգիտեմ ինչեր․․․ Էդ ձագերն էլ այնքան շատ են։
Ես մանկատնից չեմ եղել, ես էլ շատ բարեկամներ ունեմ, հարազատներ։ Բայց ինչ-որ մի պլանկա կա, որ այդ պլանկային հետևում ես, ասում ես՝ ամոթ ա սա խոսակցությունների թեմա չդառնա, վստահության կորուստի հարց չդառնա, թայֆա ձևավորելու մոդել չձևավորենք։ Հիմա այդ բոլորը ոչնչացրած է, սկզբունք չկա»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։
Հարցուպատասխանը՝ տեսանյութում։