
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց խաղաղության գործընթացի և հնարավոր պատերազմի վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը պետք է տեր կանգնել ժողովրդի աջակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներից մեկը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունները պատերազմի հնարավորության մասին մարդկանց մեջ վախ են առաջացնում։ Քաղաքացու խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ եթե իշխանությունը չվերարտադրվի, պատերազմն անխուսափելի է։
Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ խոսքը ոչ թե անձի, այլ քաղաքական ուղեգծի մասին է։«Ես ասում եմ, որ ձեզ հայտնի քաղաքական ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման օգտին, և դա շատ վտանգավոր է։ Մենք, ընդհակառակը, ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է և ժողովրդին կոչ ենք անում տեր կանգնել խաղաղությանը»,-ասաց Փաշինյանը։Վարչապետը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր, իսկ օգոստոսի 18-ին ինքը ուղերձով դիմել է հանրությանը՝ հայտարարելով խաղաղության հաստատման մասին։
Քաղաքացու դիտարկմանը, թե նախկինում վարչապետը նշել է՝ իր իշխանության չգալու դեպքում պատերազմ է սպասվում, Փաշինյանը պատասխանեց, որ նման ձևակերպում չի արել։«Ես ոչ թե ասել եմ, որ եթե ես չլինեմ, այլ ասել եմ՝ եթե որոշ ուժեր գան իշխանության։ Դա իմ կանխատեսումն է և համոզմունքը, որ այդ դեպքում կլինի պատերազմ»,– ընդգծեց նա։
Վարչապետը հավելեց, որ համոզված է՝ հանրության մեծամասնությունը կաջակցի խաղաղության օրակարգին։«Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը հունիսի 7-ին կգնա և տեր կկանգնի խաղաղությանը, և մենք այդ խաղաղությունն ավելի ինստիտուցիոնալ կդարձնենք»,-ասաց Փաշինյանը։