Արցախից բռնատեղահանվածների մի զգալի մասն ասում է, որ եթե Արցախը չկա, իրեն «Հայաստանը պետք» չէ

Ֆեյսբուքյան հայ օգտատիրուհին, որ, ինչպես նրա անձնական էջից է պարզվում, ապրում է Ստեփանավանում, բայց ռուսերեն է գրում, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը խորհուրդ է տալիս բանակցել, որպեսզի աշխարհասփյուռ, բայց հատկապես՝ Ռուսաստանում բնակվող, հայերը կարողանան «տեղափոխվել Թուրքիա և ապրել իրենց հողի վրա»:

Ընդ որում, նա Փաշինյանին առաջարկում է Հայաստանի քարտեզի պատկերով «կրծքազարդի փոխարեն քաղաքացիներին այդ հարցով նախընտրական ծրագիր բաժանել»:

Նա ասում է, որ ինքը «Թուրքիայի հետ պատերազմին դեմ է, բայց ուզում է, որ Թուրքիան ճանաչի հայերի մշակութային ժառանգության իրավունքը»:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մրցապայքարը փաստացի մեկնարկել է, և նման «էկզոտիկ առաջարկությունների» ու «այժմեական գաղափարների» պակաս, երևում է, չի լինելու:

Ո՞րն է այստեղ ամենաէականը: Ֆեյսբուքի հայ օգտատիրուհին Հայաստանի վարչապետին «պարտավորեցնում» է Թուրքիայի հետ քննարկել մի հարց, որ հայ իրականության համար երբեք օրախնդիր չի եղել:

ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում ապրող՝ ցեղասպանություն վերապրած հայերը և նրանց ժառանգները Թուրքիայում բնակության իրենց նախկին վայրերը վերադառնալու խնդիր չեն հարուցել, չեն հարուցում նաև այսօր: Հայ դատի կարգախոսը մեկն է. «Հասնել պատմական արդարության վերականգնման և հողային հատուցման»:

Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասն, անշուշտ, նույնպես ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգներ են, բայց Հայաստանի վարչապետը Թուրքիայի հետ բանակցություններում չի կարող ներկայացնել մինչև 1915-18 թվականները Օսմանյան կայսրության քաղաքացի հանդիսացած, ապա բռնատեղահանության և սպանդի ենթարկված մարդկանց ժառանգներին, քանի որ նրանք գերազանցապես այլ երկրի քաղաքացի են:

Նրանք Նիկոլ Փաշինյանին նման լիազորությամբ չեն օժտել: Եվ, առհասարակ, նրանք Թուրքիայում վերաբնակվելու մտադրություն երբևէ չեն հայտնել:

Որքան էլ մեզ համոզենք, որ ստեփանավանցի օգտատիրուհին «մասնավոր կարծիք է հայտնում», դրանից հարևանների հետ հարաբերություններում «անվերջ վերադարձ պատմությանը» դիրքավորումը չի փոխվում, և մենք դատապարտվում ենք նույն «շրջանագծի մեջ մնալու» ինքնախարազանման տառապանքին, որ սերնդե-սերունդ, որքան էլ արտառոց չհնչի, մեզ ոչ թե մոտեցնում է Հայրենիքին, այլ՝ հեռացնում նրանից:

…Քառասունչորսօրա պատերազմից հետո Երևանում Հադրութից բռնատեղահանվածների մի խումբ այսպիսի կարգախոս հռչակեց. «Եթե մենք Հադրութ չենք վերադառնալու, ապա թող որեւէ երկիր մեզ ապաստան տա»:

Այսօր Արցախից բռնատեղահանվածների մի զգալի մասն ասում է, որ եթե Արցախը չկա, իրեն «Հայաստանը պետք» չէ: Հայաստանը չի կարող սպասարկել պատմական Հայրենիք ունենալու բոլոր հայերի իղձը, որ մենք թյուրիմացաբար շփոթում ենք իրավունքի հետ, բայց Հայաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր են ծառայել պետականակերտման գործին, լինել առաքյալներ:

Leave a Comment