27 մարտի 2026 – 15:42 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը կնպաստի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի աճին, ասել է է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը անցկացվում է Շիմկենտում։
Նա նշել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը դարձել է կարևոր խթան արտաքին առևտրի զարգացման համար, հայտնում է Radar Armenia-ն:
«Այս համատեքստում մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է վերջին շրջանում Ադրբեջանով դեպի Հայաստան ապրանքների տրանսպորտային արգելքների վերացումը, որը բացում է տարածաշրջանի ներուժի լիարժեք բացահայտման հնարավորությունները և նպաստում փոխադարձ առևտրի աճին», – նշել է Գրիգորյանը։
Միաժամանակ նա արձանագրել է, որ տնտեսական տատանումների և համաշխարհային առևտրում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում կարևոր է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության շարունակական վերլուծությունը։ Փոխվարչապետի խոսքով՝ համակարգային մոնիտորինգը հնարավորություն է տալիս ոչ միայն արագ բացահայտել առաջացող անհամաչափությունները, այլև մշակել արդյունավետ մեխանիզմներ՝ ներքին շուկայի և տեղական արտադրողների պաշտպանությունը ապահովելու համար։
Այս համատեքստում նա կարևորել է ԵԱՏՄ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային ծառայությունների արդյունավետ համագործակցությունը հարկաբեռնված ապրանքների հայտարարագրման մոնիտորինգի հարցում, որը անմիջական ազդեցություն ունի մաքսային արժեքի և պետական բյուջեի եկամուտների վրա:
«Միևնույն ժամանակ կարևոր է, որ ազգային ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման մոտեցումների և կանոնների համասեռացումը հաշվի առնի ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ինքնիշխան շահերը», – հավելել է նա։
Գրիգորյանը նաև կարևոր է համարել ԵԱՏՄ անդամ երկրների համատեղ գործողությունների ծրագրով սահմանված սպառողների իրավունքների պաշտպանության համագործակցության մեխանիզմների կատարելագործումը։ Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը դարձել է վստահության ձևավորման կարևոր գործիք սպառողների և բիզնեսի միջև, ինչը հատկապես արդիական է էլեկտրոնային առևտրի արագ զարգացման պայմաններում, ինչպես նաև նպաստել է շուկաների թափանցիկությանը, սպառողների տեղեկացվածության բարձրացմանը և տնտեսական գործունեության մասնակիցների համար հավասար պայմանների ապահովմանը։
Մարտի 26-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հերթական տարանցիկ բեռը՝ 350 տոննա ռուսական հացահատիկ: