Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի աճին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Շիմկենտում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի իր ելույթի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը։
«Այս համատեքստում վերջերս Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքի վերացումը մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է, որը բացում է տարածաշրջանի ամբողջ ներուժի բացահայտման, փոխադարձ առևտրի աճին նպաստելու հեռանկարներ»,- նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով տնտեսական անկայունությունը և համաշխարհային առևտրի վերափոխումը, կարևոր է պարբերաբար վերլուծել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեությունը։ ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ համակարգային մոնիթորինգը ոչ միայն ժամանակին կբացահայտի ի հայտ եկող անհավասարակշռությունները, այլև կմշակի արդյունավետ միջոցներ ներքին շուկան և ներքին արտադրողներին պաշտպանելու համար։
Այս առումով նա ընդգծել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջև համագործակցության արդյունավետությունը հարկվող ապրանքների հայտարարագրման մոնիթորինգի գործում, որն անմիջականորեն ազդում է մաքսային արժեքի և բյուջետային եկամուտների վրա:
«Միևնույն ժամանակ, կարևոր է, որ ազգային ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման մոտեցումների և կանոնների միավորումը հաշվի առնի ԵԱՏՄ անդամ պետությունների ինքնիշխան շահերը»,- հավելել է նա։
Գրիգորյանը նաև խոստումնալից է համարել սպառողների պաշտպանության ոլորտում համագործակցության մեխանիզմների կատարելագործումը, որն ամրագրված է ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրում: Նա նշել է, որ ծրագրի իրականացումը ոչ միայն կդառնա սպառողների և բիզնեսի միջև վստահության կառավարման հիմնական գործիք, ինչը հատկապես արդիական է էլեկտրոնային առևտրի արագ զարգացման պայմաններում, այլև կնպաստի շուկայի թափանցիկությանը, կբարձրացնի սպառողների իրազեկվածությունը և կստեղծի հավասար խաղային պայմաններ տնտեսվարողների համար:
Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին. Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը 1-2 ամսից կարող է ապրանքներ արտահանել Ադրբեջան։
