2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՀՀ ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքների պաշտպանության վերաբերյալ շուրջ 900 բողոք է ստացել, որոնցից երկուսը վերաբերել են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին, տեղեկանում ենք ՄԻՊ տարեկան հաղորդումից։
Պաշտպանության նախարարության տրամադրած տվյալները հիմք ընդունելով՝ ՄԻՊ-ը հայտնել է, որ 2025-ին, փաստացի, ՀՀ ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան 32 դեպք, որոնցից 8-ը արձանագրվել են ծառայության հետ կապված հանգամանքներում, իսկ 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում։ ՊՆ տրամադրած տվյալներով՝ 2025-ի ընթացքում ԶՈւ-ում արձանագրվել է ինքնասպանության փորձի 4 և ինքնավնասման 71 դեպք: ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությամբ՝ սահմանապահ զորքերում գրանցվել է ինքնավնասման 5 դեպք։
ՄԻՊ հաղորդման մեջ հավելել են, որ ստացված 900 բողոքի 7%-ը (63 բողոք) վերաբերում է զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի և բռնության դեպքերի արգելքին, ինչպես նաև՝ կարգապահության ապահովման գործընթացի հետ կապված խնդիրներին։
Նշվում է, որ 2025-ին բողոքներից մեկով ստացվել է տեղեկություն ռազմական ոստիկանության ծառայողների կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթադրյալ դեպքի վերաբերյալ։ Այդ դեպքով, ՄԻՊ-ի փոխանցմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվում է նախաքննություն։ ՄԻՊ-ում բողոքներ են ստացվել նաև ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիքի վերաբերյալ, որոնց առնչությամբ նույնպես իրականացվել են քննարկման ընթացակարգեր։
ՄԻՊ-ը մտահոգիչ է գնահատել բանակում խոշտանգումների, բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի դեպքերը՝ արձանագրելով, որ թեև իրավասու մարմինների կողմից ձեռնարկվում են քայլեր, սակայն կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն ԶՈւ-ում կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի արգելքի լիարժեք ապահովման տեսանկյունից։
«Չնայած իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող քայլերին՝ բողոքները, զորամասերում արձանագրվող խնդիրները և Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կատարված աշխատանքները դեռևս բավարար չեն զինված ուժերում կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքի արգելքի ապահովման կառուցակարգերի լիարժեք կայացման համար»,- արձանագրել է ՄԻՊ-ը։
Միևնույն ժամանակ, հղում անելով ՊՆ-ի տվյալներին՝ ՄԻՊ հաղորդման մեջ ընդգծել են, որ 2025-ի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք զորամասեր համալրվել են հոգեբանի չորս հաստիքներով։
«Համապատասխան զորամասերում 2025-ին հոգեբանների նշանակումից հետո արձանագրվել է մահվան ելքով դեպքերի շուրջ 66% նվազում: Միաժամանակ շուրջ 40%-ով նվազել են նաև ինքնավնասումներն ու ինքնախեղման դեպքերը»,- ասված է հաղորդման մեջ։
2025-ին ՄԻՊ-ի իրականացրած մշտադիտարկումները և ստացված բողոքների ուսումնասիրությունը նաև ցույց են տվել, որ զինծառայողների առողջության պահպանման, կեցության պայմանների և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները շարունակում են մնալ համակարգային։ Այս համատեքստում նշվում է, որ վերոնշյալ 900 բողոքներից 144-ը վերաբերել են զինծառայողների առողջության պահպանման իրավունքին, իսկ մի շարք դիմումներ և ահազանգեր առնչվել են նաև կենցաղային, սանիտարահիգիենիկ և ենթակառուցվածքային պայմաններին։
Ըստ ՄԻՊ-ի հաղորդման՝ արձանագրված խնդիրները հիմնականում կապված են բուժօգնության կազմակերպման, պլանային վիրահատությունների ձգձգման, բուժման ժամկետների սահմանափակման, ինչպես նաև զորամասերում ջրամատակարարման խափանումների, շինությունների խոնավության, կոմունալ համակարգերի մաշվածության և բուժկետերի անբավարար վիճակի հետ։ Միաժամանակ արձանագրվել է, որ սննդի կազմակերպման որակը բարելավվել է, սակայն սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ անհրաժեշտ է շարունակական վերահսկողություն։
«Մշտադիտարկումները ցույց են տվել, որ առանձին զորամասերում պահպանվում են ենթակառուցվածքային խնդիրներ, այդ թվում՝ կացարանների վատթար տեխնիկական վիճակ, խոնավություն, սանիտարական հանգույցների անբավարար պայմաններ, ջրամատակարարման խափանումներ և բուժկետերի ոչ պատշաճ հագեցվածություն, ինչը կարող է խոչընդոտել բժշկական օգնության արդյունավետ կազմակերպմանը»,- ասված է ՄԻՊ հաղորդման մեջ։
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ զինծառայողների արժանապատիվ կեցության, առողջության պահպանման և անվտանգ ծառայության ապահովումը պահանջում է ենթակառուցվածքների շարունակական արդիականացում, բուժկետերի և կացարանների վերանորոգում, ինչպես նաև կենսապահովման նվազագույն պայմանների ապահովում բոլոր զորամասերում։
Արձանագրված խնդիրների համակարգային լուծման նպատակով ՄԻՊ-ը կարևոր է համարել բարելավել զորամասերի բուժկետերի շենքային և նյութատեխնիկական պայմանները, ներդնել ինքնավար ջրամատակարարման համակարգեր, իրականացնել անբավարար վիճակում գտնվող կացարանների փուլային հիմնանորոգում և ապահովել սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ, այդ թվում՝ կին զինծառայողների համար առանձնացված պայմանների ստեղծմամբ։
«Միաժամանակ անհրաժեշտ է ներդնել գործուն կառուցակարգեր, որոնք թույլ կտան ծառայության ընթացքում առողջական խնդիր ձեռք բերած անձանց զորացրվելուց հետո ստանալ անվճար բժշկական օգնություն, օրենսդրորեն ամրագրել ծառայության հետ կապված վնասվածք կամ հիվանդություն ունեցող նախկին զինծառայողների անվճար հիվանդանոցային սպասարկման իրավունքը՝ անկախ հաշմանդամության կարգավիճակից, ինչպես նաև երաշխավորել նախկին պայմանագրային զինծառայողների անվճար բուժօգնության իրավունքը ծառայության ընթացքում ձեռք բերված առողջական խնդիրների մասով»,- հավելել է ՄԻՊ-ը։
2026-ի հունվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ 2025-ին մահացել/զոհվել է 30 զինծառայող։
ՄԻՊ տարեկան հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ։
Կարդացեք նաև՝
Պապիկյանը խոսել է սահմանային իրավիճակի, բանակում միջադեպերի նվազման և զենքի ձեռքբերման մասին
