Պենտագոնը մշակում է Իրանի դեմ հարվածների էսկալացիայի տարբերակներ, որոնք կարող են ներառել ցամաքային ուժերի կիրառում և զանգվածային ռմբակոծություններ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն, չորս հիմնական տարբերակներն են՝ Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզի ներխուժումը կամ շրջափակումը, Լարակ կղզի ներխուժումը, որն Իրանն օգտագործում է Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկողությունը ամրապնդելու համար, ռազմավարական նշանակություն ունեցող Աբու Մուսա կղզու և նեղուցի արևմտյան մուտքի մոտ գտնվող երկու փոքր կղզիների գրավումը, ինչպես նաև Հորմուզի նեղուցի արևելյան մասում իրանական նավթ արտահանող նավերի շրջափակումը կամ գրավումը։
ԱՄՆ զինված ուժերը, ենթադրաբար, նաև մշակել են Իրանի տարածքում խորը ցամաքային գործողությունների ծրագրեր՝ բարձր հարստացված ուրանի պաշարները գրավելու համար։ Սակայն, նման ռիսկային գործողություն իրականացնելու փոխարեն, ԱՄՆ-ն կարող է զանգվածային ավիահարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին՝ փորձելով կանխել Իրանի հասանելությունն այդ նյութերին։
Հրատարակության համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել այս սցենարներից որևէ մեկի վերաբերյալ, և Սպիտակ տան անանուն պաշտոնյաները ցանկացած հնարավոր ցամաքային գործողություն անվանում են «հիպոթետիկ»։ Միաժամանակ, աղբյուրները հայտնում են, որ Թրամփը պատրաստ է էսկալացիայի, եթե Իրանի հետ բանակցությունները մոտ ապագայում շոշափելի արդյունքներ չտան։
