26 մարտի 2026 – 16:44 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր կողմից ավելի վաղ ներկայացված առաջարկին՝ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցել երրորդ երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ։
Նա հայտնել է, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի երկաթուղու հետ կապված հարցին անդրադարձ եղել է, սակայն այդ առումով նորություն չկա, աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է, հայտնում է Արմենպրեսը:
Վարչապետին հարցրել են, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե քննարկվում է երկաթուղային ցանցը ղազախական կողմի կառավարմանը փոխանցելու տարբերակը։
«Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», – ասել է վարչապետը։
2026 թվականի փետրվարին վարչապետը նման առաջարկ է ներկայացրել ռուսական կողմին՝ հիմնավորելով, որ ռուսական կառավարման պայմաններում Հայաստանը զրկվել է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ մի շարք երկրներ խուսափում են օգտվել հայկական երկաթուղային ցանցից։