Կարկանդակներ՝ մշակույթի շենքի թեժ կրակի վրա. ինչո՞ւ վերցրեցին շենքը Հրանտ Թոխատյանից և ի՞նչ կապ ունեն այս պատմության հետ Հայկոն ու Արայիկ Հարությունյանը


«Կանազ» մշակույթի տան չգործող չորս հարկանի շենքում բռնկված հրդեհը հենց առաջին պահից գրեթե բոլորի մոտ մի միտք հարուցեց՝ հրդեհը պատահական չէր:

Այս մասին կարծիքները  տարաբնույթ էին:

Պատմական էքսկուրս կատարելով, պետք է նշենք, որ  2017 թվականին, Երևանի  Ազատության պողոտայի 19 հասցեում գործող «Արաբկիր» մշակութային կենտրոնի շենքը, ներդրումային ծրագրի դիմաց, 10 տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2027 թվականը ներառյալ, անհատույց օգտագործման է հանձնվել «Արվեստի այբուբեն» հիմնադրամին, որի ղեկավարն է  ՀՀ ժողովրդական արտիստ, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանը:

Սա տեղի ունեցավ, կենցաղային լեզվով ասած,  «Սերժի ժամանակ», իսկ ավելի կիրթ ձևակերպմամբ՝ գործող քաղաքական ուժի ղեկավար Սերժ Սարգսյանի կառավարման օրոք: Երևանի քաղաքապետն էլ Տարոն Մարգարյանն էր:

Ու դեռ այն ժամանակ այս պատմության շուրջ սկսեցին տարատեսակ կարծիքներ հնչել ու քաղաքական երանգ տալ կատարվածին:

Մասնավորապես, նախագծի քննարկման ընթացքում, այն ժամանակ դեռ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ընդդիմադիր անդամ Արայիկ Հարությունյանը, ով այսօր իշխանության մաս է կազմում,  նախագծի վերաբերյալ որոշակի թերահավատություն ուներ. նա այս ամենը կապել էր Հրանտ Թոխատյանի քաղաքական գործունեության հետ, ու նշել, թե՝  ՀՀԿ-ի հետ առնչությունը բացասական ֆոն է ստեղծում:

«Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ից հեռու մնալն այս գործունեության ընթացքում շատ կարևոր է լինելու` ձեր նախագծի վերաբերյալ վստահություն ունենալու առումով: Մենք հետաքրքրված ենք և կողմ ենք քվեարկելու այս նախաձեռնությանը, սակայն ուշի ուշով  հետևելու ենք ու հաշվետվություն պահանջելու»:

Այս արտահայտությունն էր արել Արայիկ Հարությունյանը նիստի ժամանակ, գուցե դեռ իր ամենալավ երազում անգամ չպատկերացնելով, որ մի քանի տարի անց, Հրանտ Թոխատյանից հաշվետվություն կպահանջեն որպես իշխող կուսակցություն:

«Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը պարտավորվել էր նորոգել կենտրոնը և նախատեսում էր այնտեղ իրականացնել թատրոնի, պարարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի, մեդիա ոլորտի ուսուցման ծրագրեր՝ կենտրոնը դարձնելով մշակութային բարձր արժեքների տարածման և քարոզելու վայր:

2024թ-ին, երբ դեռևս 3 տարի կար պայնագրի ժամկետը լրանալուց, պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքով, շենքը վերադարձվել է Երևան համայնքին:

Սակայն մինչ այդ պահը, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Հրանտ Թոխատյանը դիմում է Երևանի քաղաքաետին, որի պաշտոնում այն ժամանակ Հայկ Մարությանն էր՝ Թոխատյանի գործընկեր Հայկոն:

Թոխատյանը խնդրում է երկարաձգել պայմանագրի ժամկետը, պարզաբանելով, որ գումարի հետ կապված խնդիրներ կար ու հիմա արդեն կա գումար: Սակայն Հայկոն մնում է անդրդվելի՝ «ռիսկային է»,- ասում է նա:

Հրանտ Թոխատյանն էլ պնդում է, որ ռիսկային ոչինչ չկա, ամեն ինչ ժամանակին կարվի, իսկ եթե անգամ ռիսկ կա, ապա այդ ռիսկըն ինքն իր վրա  է վերցնում: Բայց Հայկոն իրենն է պնդում, ու շենքի ճակատագիրը տնօրենինելու իրավունքը, ժամանակից շուտ, վերցնում են Հրանտ Թոխատյանի ձեռքից՝ հանձնելով համայնքի տնօրինությանը: ՔՊ-ականների ձեռքին գործիք դարձած Հայկոյի գրչի, գուցե անգիտակից, հարվածով, շենքը հայտնվում է բարձիթողի վիճակում՝ դառնալով անօթևանների կացարան, կամ ինչպես տեղի բնակիչներն են ասում՝ «բոմժանոց»:

Ահա այսպիսի կարկանդակներ՝ մշակույթի շենքի թեժ կրակի վրա:

Տեղեկություններ կան նաև, որ մշակույթի շենքի վայրում, իշխանությունները մտադիր են հյուրանոց կամ բազմաբնակարան կառուցել: Իհարկե Արաբկիրի համայնքապետը սա հերքում է և պնդում, թե՝ շենքը հիմնանորոգելու են:

Այստեղ դասականը կասեր՝ «յա, իրո՞ք…»: Բա մինչև այրվելը ինչո՞ւ չէիք նորոգում, բա Թոխատյանի ձեռքից  խլում էիք, թե՝ «չես սարքում…», բա 2 տարի ձեր ձեռիքն էր՝ սարքեիք…, թե՞ նպատակը միայն տարածքը թունդ ընդդիմադիր հայացքներ ունեցող և ձեզ քննադատող գործիչից վերցնելն էր:

Հիմա հարց  շենքի ճակատագիրը տնօրինելու Թոխատյանի իրավունքը չմարսած ՔՊ-ական Արայիկ Հարությունյանին՝ այստեղ քաղաքական երանգ չե՞ք տեսնում: Ու շատ հետաքրքիր է՝ Արայիկ Հարությունյանը կկատարի՞ տարիներ առաջ տված իր խոստումը, կլինի՞ ուշի ուշով հետևողական ու կպահանջի՞ հաշվետվություն համայնքից այս մասով, թե՞ յուրայիններից հաշվետվություն պահանջելը «իր հագով չէ»:

Արմինե Մկրտումյան

Leave a Comment