26 մարտի 2026 – 11:29 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանվել, այդ թվում Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար, հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ օդային տարածքի օգտագործման և տարանցիկ չվերթների իրականացման շուրջ «անհիմն շահարկումները և ապատեղեկատվության տարածումը»:
«Ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով, առ այն, որ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) որևէ անդամ պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել։
Համաձայն ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ ՀՀ օդային տարածքով յուրաքանչյուր քաղաքացիական առևտրային միջազգային տարանցիկ թռիչք իրականացվում է ըստ ավիաընկերության կողմից ներկայացված թռիչքային պլանի, և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ պետությունների միջև որևէ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։
ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ սահմանափակման կիրառման դեպքում այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված հաղորդագրությունների միջոցով (NOTAM): ՀՀ օդային տարածքով իրականացվող ցանկացած միջազգային տարանցիկ թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը (վերը նշված թռիչքային պլանը) քաղաքացիական ավիացիայի օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից տրամադրվում է ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին»,- ասվում է հաղորդագրությունում։