Փախել են, ճողոպրել են․ Փաշինյանը՝ 2023 թ.-ի իրադարձությունների մասին (ՎԻԴԵՈ)

Առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ շուրջ 80-90%-ը, «մնացել է ձեռք չտված, և մարդիկ փախել ու ճողոպրել են», ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2023 թվականի իրադարձություններին և նշել է, որ կռվելու և նմանատիպ այլ պնդումները, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հետախուզության տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ շուրջ 80-90%-ը, «մնացել է ձեռք չտված, և մարդիկ փախել ու ճողոպրել են»։


«Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց, և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրին իշխանափոխություն։ Ղարաբաղում և Հայաստանի Ազգային ժողովում շնորհավորում էին իրար, և այդ շնորհավորանքներից հետո ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որ տեղի ունեցան», – ասաց Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։


Վարչապետի խոսքով՝ այն ամենը, ինչ այդ շրջանակներն արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ցանկանում են անել Հայաստանում։


Փաշինյանը հիշեցրեց, որ Բաղրամյան 26-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ պարզաբանել էր, որ սահմանը փակ չէ, սակայն զգուշացրել էր Ղարաբաղի ներկայացուցիչներին, որ դուրս գալու դեպքում վերադարձի հնարավորություն այլևս չի լինելու։


Նա նշեց, որ ժամանակն է դադարեցնել «ցեղասպանությունների մրցավազքը» և այդ խոսույթով ժողովրդին մշտապես պանդուխտի ու գաղթականի կարգավիճակում պահելը։


«Մեր քաղաքականությունը և ռազմավարությունը հետևյալն է՝ մենք պետք է խաղաղվենք Հայաստանում։ Կենտրոնանում ենք և տնավորվում ենք ՀՀ-ում», – նշեց Փաշինյանը։



Leave a Comment