ԱԳՆ-ն ՔՊ–ական պատգամավորի տոմսերի չեղարկման հարցով կդիմի ՌԴ-ին

ԱԳՆ-ն ՔՊ–ական պատգամավորի տոմսերի չեղարկման հարցով կդիմի ՌԴ-ին

26 մարտի 2026 – 11:07 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ ԱԳՆ-ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Ղազարյանի տոմսերի չեղարկման հարցով դիմելու է ռուս գործընկերներին։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Պատգամավորը հայտարարել է, որ դիվանագիտական այցով մարտի 26–27–ը պետք է լիներ Աշխաբադում` մասնակցելու միջխորհրդարանական երկխոսությանը, սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը, թեև մուտք չէր գործելու Ռուսաստանի Դաշնության տարածք, այլ գնալու էր տարանցիկ ուղով, հայտնում է Sputnik Արմենիան:

Միրզոյանը նախ ընդգծել է, որ պաշտոնապես դիմելու են ռուսական կողմին՝ դիվանագիտական ուղիներով պարզաբանումներ ստանալու նպատակով և առաջարկելու են վերանայել դիրքորոշումը։

Այնուհետև նախարարը հայտարարեց, որ առաջին անգամ չէ, որ ՌԴ–ի այս կամ այն պաշտոնյաների կողմից լսում են ՀՀ–ն ներկայացնող պաշտոնյաների մուտքն արգելափակելու մասին հայտարարություններ։

«Այսպիսի դեպքերը ցավալի են, սակայն երբ ասում են` ՀՀ–ի դեմ խառը կամ խառնածին հիբրիդային գործողությունների մի մասը գալիս է նաև Ռուսաստանից, տարակուսած նայում են ու ասում, որ սխալ է նման բան ասել։ Երբ խոսում ենք հիբրիդային գործողությունների մասին, պետք չէ անպայման պատկերացնել երկրի բարձրագույն ղեկավարի կողմից համակարգվող կոնկրետ գործողություններ… Ռուսական մեդիայից էլ ենք լսում ՀՀ օրինական ընտրված կառավարության և վարչապետի հասցեին անհարիր արտահայտություններ, այս կամ այն օղակի պաշտոնյաների կողմից, և հիմա էլ այս դեպքը»,– հայտարարել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ նման իրավիճակները չեն նպաստում Ռուսաստան–Հայաստան բարեկամական հարաբերությունների զարգացմանը։

Leave a Comment