Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գրությամբ դիմել է Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներին՝ բողոքելով Հայաստանում իրավապահ համակարգի կողմից իր և եկեղեցու նկատմամբ իրականացվող հետապնդումների, ինչպես նաև իշխանությունների կողմից «սովետական բռնապետության ոճով» հոգևորականների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումների դեմ:
Սրբազանը բողոքել է, որ Եվրոպայի խորհրդարանի պատգամավորները մարտի 11-ի նիստին հոտնկայս ծափահարել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ չնայած, ըստ նրա, նույն պատգամավորները չէին ծափահարի իրենց երկրների պատմության մեջ նման էջերի պատճառ դարձածներին:
«Անկեղծ ասած՝ տարիները և իրադարձությունները փաստել են ձեր երկակի չափանիշների մասին, թե ինչպես ձեր աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից բխած կարող եք ոտնահարել մարդկային իրավունքը՝ անհատական և ազգային, բարոյականությունը, արդարությունը և ճշմարտությունը»,- ասված է գրության մեջ:
Բագրատ արքեպիսկոպոսը նշել է, որ 2025 թվականի հունիսի 25-ից ինքը և իր 17 աջակիցները կալանքի տակ են «ակնհայտ կեղծ մեղադրանքներով և նենգափոխված, կեղծված ապացույցներով»: Նա ընդգծել է, որ «սովետական բռնապետության ոճով աննախադեպ բռնաճնշումների են ենթարկվում» հայ եկեղեցին՝ Ամենայն Հայոց հայրապետը, բարձրաստիճան եկեղեցականները, բարերար, «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը և բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն եղել իշխանությունների քաղաքականության հետ:
Գալստանյանը 2024 թվականին բողոքի ակցիաներ էր նախաձեռնել սահմանային տարածքների հնարավոր զիջման դեմ: Հետագայում շարժումը վերանվանվել էր «Սրբազան պայքար»: Բագրատ սրբազանը և նրա 14 կողմնակիցները 2025 թվականի հունիսի 25-ին կալանավորվել էին, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ զինված ճանապարհով իշխանությունը զավթելու փորձի համար։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում:
