Հայ ժողովուրդն ինքն է երաշխավորը. Փաշինյանը մերժել է երաշխավորների ներքո ամուր խաղաղության թեզը

Հայ ժողովուրդն ինքն է երաշխավորը, հայտարարել է ՀՀ վարզապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նրա պնդմամբ՝ ժողովուրդը 2018 թվականին հեղափոխություն է արել ի հեճուկս բոլոր «արտաքին ուժերի»։

«Հայաստանի համար երաշխավոր կա, դա ՀՀ քաղաքացին է։ Մինչև 2018 թիվը մեզ երաշխավոր կանգնածները մեզ տարել են կառափնարան, և մենք զոհողության ենք գնացել իրենց շահերին, մեզ հորթի վզից գցած պարանով ուր ուզում՝ տանում էին»,- նշել է նա:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից «երաշխավորների» տարբերակով Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։

Նա նշել է, որ երաշխավորները հետապնդում են իրենց շահը, մենք պատմականորեն գիտենք մի խումբ երաշխավորների կնքած պայմանագրեր, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ։ Միրզոյանի խոսքով՝ խաղաղությունն ամրապնդվում է երկկողմանի շահավետությամբ։

«Հիմա կա խաղաղություն, և փորձը ցույց է տալիս, որ դա ամրապնդվում է, եթե կա երկկողմանի շահավետություն։ Հիմա մեր խնդիրն այն է, որ ստեղծենք փոխադարձության, համագործակցության, նոր կապերի մթնոլորտ, որտեղ և՛ Հայաստանի համար, և՛ Ադրբեջանի համար շահավետ կլինի առհավետ պահպանել խաղաղությունը։ Մենք արդեն, կարծես թե, տեսնում ենք այդ մեխանիզմները և՛ երկկողմ առևտրի, և՛ քաղահասարակության ներակայացուցիչների միջև հանդիպումներում և այլն»,- հայտարարել է նախարարը։

Նախարարը հավելել է, որ եթե ընդդիմադիրների նախկին խոսույթն այն մասին էր, որ խաղաղություն չկա, հիմա փոխվել է, հաստատում են, որ խաղաղություն կա, բայց առաջարկում են, որ դա լինի ինչ-որ երաշխավորների միջոցով։

«Դա էլ Հայաստանի շահերը չի հետապնդում, այլ ինչ-որ «x» պետության, որպեսզի միջնորդ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք էլ երբեք դուրս չգանք այդ ցիկլից»,- հայտարարել է արտաքին գերատեսչության ղեկավարը։

Անդրադառնալով ընդդիմության Ղարաբաղյան շարժման շարունակությանը՝ վարչապետը նշել է, որ ընտրություններին ժողովուրդը պետք է ասի իր խոսքը։

«Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է, որ չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Ժողովուրդը պետք է որոշի, որ այդ շարժումը շարունակվում է, ինչը նշանակում է պատերազմ։ Եթե որոշում է, որ խաղաղություն, ապա այդ շարժումը այլևս չի շարունակում։ Սա շատ պարզ ընտրություն է»,- հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը նաև «Անկախության հռակագրի» շուրջ պետք է իր դիրքորոշումը հայտնի։

«Այդ հռչակիրն անկախության մասին չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է։ Եթե քո անկախության հռչկագրի հիմքում դու դնում ես քո բոլոր հարևանների հետ կոնֆլիկտի տրամաբանություն, դու անհնար ես դարձնում քո միջավայրում առանց արտաքին օգության ապրելը, ու գնալով ավելի ու ավելի կախված ես դառնում դրանից, ով ուզում է՝ լինի»,- ընդգծել է նա։

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ քաղաքական դաշտի ներկա ուժերի առաջնորդների մեծ մասը ծագել ու սերել է Ղարաբաղյան շարժումից։ «Եթե մենք չենք առերեսվելու, եթե մենք չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը»,- նշել է նա։

Leave a Comment