Փաշինյան․ Ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե ոչ, Ղարաբաղյան շարժումը պատերազմ է

Փաշինյան․ Ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե ոչ, Ղարաբաղյան շարժումը պատերազմ է

25 մարտի 2026 – 18:23 AMT

PanARMENIAN.Net – Առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները պետք է որոշեն՝ շարունակվո՞ւմ է Ղարաբաղյան շարժումը, թե ոչ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Նա անդրադարձել է այն քննադատություններին, թե որոշ շրջանակների կողմից սպառնալիք է ընկալվում իր այն ձևակերպումը, որ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չընտրվի, պատերազմ կլինի, հայտնում է Արմենպրեսը:

Վարչապետը հիշեցրել է, որ 2020 թվականին իրեն մեղադրել են վտանգների մասին հանրությանը չզգուշացնելու համար, և նշել է, որ այդ փորձից հետևություններ է արել։

«Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե չի շարունակվում: Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որը որպես քաղաքական մեծամասնություն, որոշել է և չի շարունակում Ղարաբաղյան շարժումը: Մյուս բոլոր ուժերն ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը: Ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, նշանակում է՝ պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում: Շատ պարզ ընտրություն է»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է նաև քաղաքացիների հետ «պարզ խոսելու» կարևորությունը։

Անդրադառնալով Անկախության հռչակագրին՝ վարչապետն ասել է, որ դա ոչ անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի ու կախվածության հռչակագիր է:

«Մենք բոլորս ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից՝ որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: Բայց, եթե մենք չենք առերեսվելու, չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը»,-նշել է նա:

Փաշինյանը նշել է, որ ընդդիմադիր ճակատում հանդես եկող քաղաքական ուժերը ներկայում շարժվում են խաղաղության քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ։ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է կոտրել ֆատալիստական մտածողությունը և հասնել խաղաղ հանգրվանի, հայտնում է 1lurer.am-ը:

«Այսօր ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը, բոլորը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ: Ըստ որում՝ հենց իրենք օգտագործում են խաղաղությունը պարտադրելու, ուժային մեթոդներով խաղաղություն պարտադրելու և այլնի մասին: Այլ կերպ, քան պատերազմի ճանապարհին ոտք դնելն անհնար է»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար Սամվել Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերին։

Վարչապետի գնահատմամբ՝ այդ ուժերը չեն ընդունում առկա խաղաղության պահպանման անհրաժեշտությունը և հանդես են գալիս այն վերանայելու դիրքորոշմամբ։

«Իրենք չեն համարում, որ այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և այդ խաղաղությունը պետք է խնամել: Իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցել, ինքը այն չէ, և դա միանշանակ բացում է էսկալացիայի ճանապարհը:

Ինչո՞ւ պետք է դա տեղի չունենա, այն էլ աշխարհաքաղաքական այս միջավարում, որովհետև այնտեղ, որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ, որտեղ պատերազմի դուռ կա, դուռը բաց է, պատերազմը մտնում է: Մենք չե՞նք տեսնում՝ ինչ է կատարվում աշխարհում: Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմն այդ ճեղքով մտնելու է, իսկ ձեր ասած ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, այլ դռների փեղկերը լայնորեն բացում են»,- հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանը մարտի 19-ի ճեպազրույցում հայտարարել է, թե որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, առավել հավանական աշնանը՝ «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պետք չէ շարունակել Ղարաբաղյան շարժումը:

Leave a Comment