Ռուբինյան․ Ընդդիմության առաջարկած քաղաքականությունը 100%-ով կհանգեցնի պատերազմի

Ռուբինյան․ Ընդդիմության առաջարկած քաղաքականությունը 100%-ով կհանգեցնի պատերազմի

25 մարտի 2026 – 16:40 AMT

PanARMENIAN.NetԸնդդիմության առաջարկած քաղաքականությունը 100%-ով կհանգեցնի պատերազմի, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը րագրողների հետ ճեպազրույցում: Նա պատասխանել է այն քննադատությանը, թե իշխանությունները ընտրություններից առաջ հասարակությանը սպառնում են պատերազմով։

«Եկեք նախ անալիզի ենթարկենք՝ ինչ է նշանակում սպառնալիք։ Երբ ինչ-որ մեկն ասում է՝ եթե դու չանես սա, ես կանեմ մի բան, որը քո համար վատ կլինի։ Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե որդեգրի այն քաղաքականությունը, որն ընդդիմադիրները առաջարկում են, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի որևէ աղերս չկա»,- նշել է նա, հայտնում է Արմենպրեսը:

Ռուբինյանի խոսքով՝ ներկայում պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի, քանի որ Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որը վարում է։

«Եթե ընդդիմությունը գա իշխանության և սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, դա բերելու է ակնհայտ և 100 տոկոսանոց պատերազմի»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը նաև հիշեցրել է, որ նախկինում նույն շրջանակները քննադատել են իշխանություններին՝ պատերազմական ռիսկերը չբարձրաձայնելու համար։

«Այդ նույն մարդիկ ասում էին՝ ինչո՞ւ չեք ներկայացնում իրականությունը, հիմա ասում են՝ ինչո՞ւ եք ասում»,- ընդգծել է նա։

Ռուբինյանի գնահատմամբ՝ առաջիկա ընտրությունները վերաբերվել են ոչ միայն քաղաքական ուժերի ընտրությանը, այլ նաև նրանց առաջարկած քաղաքականություններին։

Ռուբինյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես է գալիս գործող խաղաղության պահպանման դիրքորոշմամբ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը, ըստ նրա, առաջարկում են վերանայել այդ քաղաքականությունը։

«Եթե վերանայվեն խաղաղության պայմանագրի, վաշինգտոնյան հռչակագրի, TRIPP-ի մասին համաձայնության և սահմանազատման կանոնակարգի կոմպոնենտները, դա բերելու է պատերազմի»,- հայտարարել է նա։

Փաշինյանը մարտի 19-ի ճեպազրույցում հայտարարել է, թե որոշ քաղաքական ուժեր հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից, ինչը, ըստ Փաշինյանի, կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի՝ ընտրություններից կարճ ժամանակ անց, առավել հավանական աշնանը՝ «նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պետք չէ շարունակել Ղարաբաղյան շարժումը:

Leave a Comment