Հարյուրամյա ձայնը. հայկական ռադիոն թևակոխում է նոր դարաշրջան

Հայկական ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը։ Կառավարական հոբելյանական հանձնաժողովը հաստատել է 16 պաշտոնական և մշակութային միջոցառումներից կազմված ծրագիրը, որի նպատակն է արժևորել ռադիոյի դերը Հայաստանում և արտերկրում ապրող ունկնդիրների կյանքում։

Մեկ դար շարունակ ռադիոն հայ մարդու հավատարիմ ընկերն է, անփոխարինելի զրուցակիցը և անաչառ տեղեկատվության վստահելի  աղբյուրը: Ազգայինից մինչև հանրային․ այս ճանապարհը կերտվել է իրենց ձայնով ու քրտնաջան աշխատանքով եթերը կենդանի պահող հարյուրավոր նվիրյալների շնորհիվ:

Այսօր, մեծարելով անցյալի ավանդույթները, մենք վերարժևորում ենք ռադիոյի պատմական առաքելությունն ու անփոխարինելի տեղը մեր հասարակության կյանքում:

Տոնական ծրագիրը բազմաշերտ է. հոբելյանի շրջանակում հանրությանը կներկայացվի ռադիոյի նոր լոգոտիպն ու բրենդինգը, որոնք արտացոլում են կառույցի արդիականացումը:

Սպասվում են հանդիսավոր պաշտոնական միջոցառումներ, համերգներ, ֆիլմի պրեմիերա և միջազգային մեդիակոնֆերանս: Հատուկ այս առիթով կթողարկվեն հոբելյանական նամականիշ և հուշամեդալ:

Հոբելյանական տարին նաև առիթ է ռադիոյի կենդանի ձայնը հեռավոր շրջաններ հասցնելու. նախատեսված են մարզային համերգներ, որոնց կմասնակցեն Հանրային ռադիոյի վաստակավոր կոլեկտիվներն ու սիրված արտիստները: Սա հնարավորություն կտա մարզերի բնակիչներին անմիջականորեն հաղորդակից դառնալու մշակութային այն հարուստ ժառանգությանը, որը տասնամյակներ շարունակ ստեղծվում է ռադիոյի կամարների ներքո:

Բացի այդ՝ քաղաքի զբոսաշրջային առանցքային վայրերից մեկում կտեղադրվի ինտերակտիվ ռադիոտաղավար, շենքի մուտքն էլ կթարմացվի նոր պաստառով, որը կդառնա հոբելյանական տարվա յուրօրինակ այցեքարտը:

Հայկական ռադիոն սկսում է իր երկրորդ դարը՝ հավատարիմ մնալով  ակունքներին և միաժամանակ ձգտելով լինելու արդիական, դինամիկ ու երիտասարդ, հենց դա է Հայկական ռադիոյի իրավահաջորդի՝ Հայաստանի հանրային ռադիոյի երազանքը:

Երևանն է խոսում… արդեն մեկ դար:

The Century-Old Voice: Armenian Radio Enters a New Era

Leave a Comment