ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ Meta-ն պետք է տուգանվի՝ երեխաների համար իր հարթակների անվտանգության վերաբերյալ մոլորեցման պատճառով

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի դատարանը որոշել է, որ Meta-ն պետք է վճարի 375 միլիոն դոլար՝ երեխաների համար իր հարթակների անվտանգության վերաբերյալ օգտատերերին մոլորեցնելու համար, հաղորդում է BBC-ն:

Դատական ատյանը եզրակացրել է, որ Meta-ն, որի կազմում են մտնում Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ իր հարթակները վտանգել են երեխաներին՝ նրանց ենթարկելով սեռական բնույթի բովանդակության և սեռական հանցագործների հետ շփման ռիսկի։

Նյու Մեքսիկոյի գլխավոր դատախազ Ռաուլ Տորրեսը դատավճիռը բնութագրել է որպես «պատմական»՝ նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ նահանգը հաջողությամբ դատական հայց է ներկայացնում Meta-ի դեմ՝ երեխաների անվտանգության հարցերով։

Մարկ Ցուկերբերգի ղեկավարած ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Meta-ն համաձայն չէ դատավճռի հետ և մտադիր է բողոքարկել այն։

«Մենք ջանք չենք խնայում մեր հարթակներում մարդկանց անվտանգությունը ապահովելու համար և բացահայտ խոսում ենք վնասակար բովանդակությունն ու չարամիտ օգտատերերին հայտնաբերելու և հեռացնելու բարդությունների մասին։ Մենք շարունակում ենք վստահ լինել դեռահասների առցանց պաշտպանության մեր արդյունավետության մեջ»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։

Դատարանի պնդմամբ՝ Meta-ն խախտել է Նյու Մեքսիկոյի անարդար առևտրային պրակտիկայի մասին օրենքը՝ հանրությանը մոլորեցնելով երիտասարդ օգտատերերի համար իր հարթակների անվտանգության վերաբերյալ։

Յոթ շաբաթ տևած դատավարության ընթացքում ներկայացվել են ընկերության ներքին փաստաթղթեր, ինչպես նաև լսվել են նախկին աշխատակիցների վկայությունները, որոնց համաձայն՝ Meta-ն տեղյակ է եղել, որ իր հարթակներն օգտագործվում են մանկապիղծների կողմից։

Ընկերության ինժեներական խմբի նախկին ղեկավար Արտուրո Բեխարը, ով 2021 թվականին լքել է Meta-ն, դատարանում ներկայացրել է փաստեր, որոնք ցույց են տվել, որ անչափահաս օգտատերերին Instagram-ում ցուցադրվել է սեռական բնույթի բովանդակություն։

Նրա խոսքով՝ նույնիսկ իր անչափահաս դուստրը Instagram-ում անծանոթի կողմից ստացել է սեռական առաջարկ։

Պետական մեղադրող կողմը ներկայացրել է նաև Meta-ի ներքին հետազոտությունը, ըստ որի՝ որոշակի պահի Instagram-ի օգտատերերի 16%-ը մեկ շաբաթվա ընթացքում հաղորդել է «անցանկալի մերկության կամ սեռական բնույթի բովանդակության մասին»։

Meta-ն, իր հերթին, պնդել է, որ տարիներ շարունակ պայքարում է խնդրահարույց օգտատերերի դեմ և ձգտում է ապահովել անչափահասների համար անվտանգ միջավայր։

Դատարանն ընկերության նկատմամբ սահմանել է 375 միլիոն դոլարի քաղաքացիական տուգանք:

Meta-ն ներգրավված է նաև մեկ այլ դատական գործով Լոս Անջելես-ում, որտեղ մի երիտասարդ կին պնդում է, որ մանկության տարիներին կախվածություն է ձեռք բերել Instagram-ից և YouTube-ից (վերջինս պատկանում է Google-ին)՝ դրանց միտումնավոր նախագծման պատճառով։

Նմանատիպ հազարավոր դատական հայցեր ներկայումս քննարկվում են ԱՄՆ դատարաններում։

Leave a Comment