Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը

Մարտի 24-ին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության «Սանտոս» պալատում տեղի է ունեցել «Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» միջոցառումը, որի շրջանակում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը։ Այս մասին հայտնել են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, ԱՀ նախարարության մշակութային հարցերի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Սոլեդադ Մարտինեսը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ալսիրա Սանդովալը։

Ներկայացվել է հայկական դուդուկի երաժշտությունը՝ հանրահայտ արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի կատարմամբ, ինչպես նաև` հայկական քոչարի պարը՝ Ուրուգվայի «Գայանե» պարային համույթի ավագ սերնդի ներկայացուցիչների կատարմամբ։

«Սանտոս» պալատի «Պեդրո Ֆիգարի» սրահում ներկայացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը բաց կլինի հանրության համար մինչև ս.թ. մարտի 27-ը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, ԱՀ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք օտարերկրյա դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ։

Leave a Comment