«Սևան» բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու և գույք հափշտակելու մեջ, հայտնում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն:
Նախաքննությունն ավարտվել է: Ըստ գերատեսչության՝ «Սևան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, մի խումբ անձանց կազմում կատարել է վստահված գույքի խոշոր չափերի հափշտակություն և կեղծել փաստաթուղթ: 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ ընկերոջը, ով մինչև 2024 թվականի նոյեմբեր փաստացի աշխատանքի չի գնացել և չի կատարել աշխատանքային պարտականությունները:
Հակակոռուպցիոն կոմիտեի վարկածով՝ տնօրենը կենտրոնի աշխատակցի հետ կեղծ հաճախելիության փաստաթուղթ է պատրաստել, որի արդյունքում բժշկական կենտրոնի բյուջեից վճարվել է մոտ 2,3 մլն դրամ աշխատավարձ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում:
Տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ վստահված խոշոր չափի գույքի հափշտակություն) և 457-րդ (փաստաթղթերի կեղծում) հոդվածներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնից հեռացումը և ելքի արգելքը:
Տնօրենի մտերիմ ընկերոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածով՝ վստահված գույքը հափշտակելուն դրդելու համար: Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
