Սիմոնյան. Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում

Սիմոնյան. Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում

24 մարտի 2026 – 14:36 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ն Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը՝ դրանով ապահովագրելով ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց եւ ինքնիշխանությունը կորցնելուց, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իսկ ինչո՞ւ եք Արցախ ասում, իսկ ինչո՞ւ եք այդ դեպքում վատ զգում, երբ ՀՀ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս։ Դուք բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում ես խնդրում եմ՝ վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում ինչ-որ մի մարդ կարող է ՀՀ Երևանին ասել՝ Էրիվան, Սևանին այլ բան ասել։ Աղմուկ մի բարձրացրեք։ Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք ուրիշ անուն տալիս»,-ասել է նա՝ դիմելով լրագրողներին, հայտնում է Aravot.am-ը:

Սիմոնյանը հավելել է, որ «ով Պրահայի մասին խոսում է բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ ՀՀ-ն որպես անկախ երկիր չլինի»:

«Ադրբեջանի ո՞ր պայմաններն ենք բավարարում, կասե՞ք։ Մեր Սահմանադրության փոփոխության ծրագիրը եղել է 2020 թվականի սկզբին»,-ասել է նա:

Անդրադառնալով Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու հարցին՝ նա նշել է. «Նոր իրավիճակը պարտադրում է նոր լուծումներ: Եթե դու սկսում ես դահուկներ քշել, դու պետք է կանոնները պահես, որպեսզի չընկնես, գլուխդ չջարդես։ Ժողովուրդ, լա՞վ չէ, որ ՀՀ-ն որևիցե պրոցեսի մեջ չկա, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն, վա՞տ է դա։ Այո, ՀՀ գործող իշխանությունը՝ ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է, և, այո, մնացածը՝ հիմնական ընդդիմադիր դերակատարները պատերազմի կուսակցություն են: Եվ, այո, 2026 թվականի ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի մասին»։

Սիմոնյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի ու արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած վեճին։

«Իսկ էն բուլինգը, որն իրականացվում է իմ ու վարչապետի ընտանիքների նկատմամբ, չեք նկատո՞ւմ»,- ասել է նա։

Մարտի 22-ի առավոտյան մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել մանկահասակ որդու հետ երթևեկով կնոջը, սակայն կինը հրաժարվել է՝ ասելով․ «Մենք ուրիշ քարտեզ ունենք»: Փաշինյանը խոսակցության ընթացքում ասել է․ «Որևէ մեկդ այս քարտեզի մասին քամահրանքով չխոսեք, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։

Ավելի ուշ Փաշինյանը կառավարություն է հրավիրել Արմինե Մոսիյանին՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելու: Մոսիյանը 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է:

Leave a Comment