«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը չի բացառել իր ձերբակալության հնարավորությունը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այս մասին նա հայտարարել է ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ հարցազրույցում:
Կարապետյանի փոխանցմամբ՝ կուսակցությունն ունի տեղեկություններ, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:
Նա նշել է, որ այդ միջոցառումները կարող են ուղղված լինել նաև անձամբ իր դեմ:
Անդրադառնալով ձերբակալությունների իրավական հիմքերի բացակայության մասին հարցին՝ Կարապետյանը պարզաբանել է, որ Հայաստանում ձևավորվել է պրակտիկա, երբ վարչապետի մոտ «դժգոհություն առաջացնող» ընդդիմադիր գործիչները ենթարկվում են քրեական հետապնդման:
«Նման դեպքերում մեղադրանքի բնույթը վճռորոշ դեր չի խաղում: Մարդկանց կարող են ամիսներով պահել կալանքի տակ, որից հետո հայտարարել հանցակազմի բացակայության մասին: Նպատակը քաղաքական գործչին իր առաքելությունից և ընտանիքից ժամանակավորապես հեռացնելն է, ինչի համար հետագայում որևէ մեկը պատասխանատվություն չի կրում»,- նշել է նա:
Խոսելով կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին՝ քաղաքական խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը կարող էր դուրս գալ քաղաքականությունից, ինչից հետո իշխանությունները նրան «հանգիստ կթողնեին»:
Սակայն, ըստ Նարեկ Կարապետյանի, առաջնորդը որոշել է շարունակել գործունեությունը՝ սեփական արժեքները պաշտպանելու և «երկրի ադրբեջանացումը թույլ չտալու համար»:
«Մենք վստահ ենք մեր արժեքների վրա և պաշտպանում ենք դրանք: Մեզ աջակցում են մարդիկ, ուստի մենք չենք զգում քաղաքական հետապնդումների հետևանքները»,- ընդգծել է Կարապետյանը:
Նարեկ Կարապետյանը նաև մեղադրել է գործող վարչակազմին իշխանության գերկենտրոնացման մեջ՝ հայտարարելով, որ իշխող կուսակցության վերահսկողության տակ են գտնվում առանցքային ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան և փոստային համակարգը:
Ինչ վերաբերում է հնարավոր ձերբակալություններին, նա շեշտել է, որ կուսակցությունում «պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը»:
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:
Փետրվարի 11-ին Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ընտրություններում քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է: «Ուժեղ Հայաստանն» առաջարկել էր 6 լուծում՝ ՀՀ անվտանգային համակարգն ամրապնդելու համար։
