ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և քննարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ սկսելու ջանքերը. հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։ Ըստ նրա աղբյուրների՝ Վենսը և Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի բաղադրիչները։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
-Արդյո՞ք Իրանը կգնա բանակցության սեղան։
-Կարծում եմ՝ Իրանի շահերից է բխում, որ բանակցություններ լինեն և որքան հնարավոր է շուտ այս պատերազմը դադարի։ Որովհետև Իրանը շատ ծանր կորուստներ է կրում այս պատերազմում, և օր առաջ պատերազմի դադարեցումը հենց իր շահերից է բխում։ Մյուս կողմից՝ կան բանակցություններ։ Թրամփը մի քանի անգամ արդեն հայտարարել է դրա մասին, թեև իրանական կողմը դեռևս չի հաստատում այդ փաստը։ Սակայն մի շարք միջազգային լրատվամիջոցներ հայտնում են, որ բանակցությունները վարում է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Հնարավոր է՝ դրանք միջնորդավորված բանակցություններ են, բայց այնուամենայնիվ կան։
-Ըստ ձեզ՝ ի՞նչ հանգամանքներ են հատկապես դժվարացնում ԱՄՆ-Իրան բանակցությունների սկիզբը, այն դեպքում, երբ դեռևս պարզ չէ՝ Իրանում ով է իրականում վերջնական որոշումներ կայացնողը։
-Ես կարծում եմ, որ ամերիկյան կողմը, այնուամենայնիվ, ունի խողովակներ, և այդ խողովակները երբեք չեն կտրվել՝ չնայած պատերազմին։ Այդ խողովակներից մեկը կարող է լինել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ արտաքին գործերի նախարարությունը՝ Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մշտապես կապի մեջ է նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Այնպես որ իրենք այդ խողովակը պահպանում են և երբեք չեն հրաժարվել դրանից։ Իհարկե, խնդրահարույց է, որ Իրանի ղեկավարության մեծ մասը սպանված է, հստակ չէ՝ ով է երկրի իրական ղեկավարը և այլն, բայց կարծում եմ՝ ինչ-որ խողովակներով ամեն դեպքում բանակցությունները կգնան։
-Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար՝ Ալի Լարիջանիի փոխարեն։ Ըստ ձեզ՝ ընդհանրապես Իրանում ղեկավարներին սպանելը որևէ հետևանք կարող է ունենալ երկրի թուլացման համար։
-Իհարկե, երկրի ղեկավարությանը սպանելը և ոչնչացնելը թուլացնում է Իրանին, մանավանդ որ այդ պաշտոնյաները բավականին ազդեցիկ էին՝ և՛ Ալի Խամենեին, և՛ Ալի Լարիջանին։ Բայց այնուամենայնիվ պետք է նկատել, որ Իրանը բավականին ճկուն կառավարման համակարգ ունի այս առումով։ Ամեն սպանված պաշտոնյայի փոխարեն կան մի քանի փոխարինողներ, և նրանց անմիջապես փոխարինում են։ Կառավարման ճգնաժամ չի առաջանում։
Պետք է նշեմ, որ ամերիկյան և իսրայելական կողմի ամբողջ մարտավարությունը հենց դրա վրա էր կառուցված՝ Իրանի ղեկավարության ոչնչացումով երկրում քաոս ստեղծել, ներսից գործընթացներ առաջացնել, հեղափոխություն կամ հեղաշրջում անել։ Բայց դա չարդարացվեց։ Նրանք չկարողացան իրագործել այդ ծրագիրը։ Տեսանք, որ Իրանի կառավարող համակարգը շատ ճկուն ձևով կարողացավ փոխարինել սպանված պաշտոնյաներին։
Լիլիթ Աբրահամյան
