23 մարտի 2026 – 18:46 AMT
PanARMENIAN.Net – Վարչական դատարանը քննում է ՀԷՑ-ի հայցն ընդեմ Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովի։ Հայցը վերաբերում է էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելուն։ Նիստում քննարկվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ տվյալները։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հարցեր է բարձրացրել ներկայացված թվերի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև այն ժամանակահատվածին, երբ արդեն նշանակվել է ժամանակավոր կառավարիչ, հայտնում է Panorama.am-ը:
Նա հետաքրքրվել է, թե եթե հավելագրումներ եղել են իրենց կառավարման ընթացքում, ինչու են նման տվյալներ արձանագրվել նաև օգոստոսին՝ ժամանակավոր կառավարչի նշանակվելուց հետո։
«Օգոստոսի 1-ի ցուցմունքը ժամանակավոր կառավարչի օրոք ինչո՞ւ չի վերցվել հաշվիչից»,-հարցրել է Ղազինյանը։
Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշել է, որ տվյալները վերցվել են։
«Այսինքն, դուք ընդունո՞ւմ եք, եթե մենք սխալ ենք եղել, ժամանակավոր կառավարիչը նույն հանցագործությունը կրկնել է»,-ասել է Ղազինյանը։
«Ոչ, ժամանակավոր կառավարիչը չի կրկնել, այդ ժամանակահատվածում բնականաբար բոլոր տեսուչները գործիչ չեն ազատվել, նոր տեսուչ կամ բաժնի նոր պետ չեն նշանակվել»,-արձագանքել է պատասխանող կողմը։
Ղազինյանը քննադատել է նման բացատրությունը՝ այն համարելով անհիմն և նշելով, որ այդ տրամաբանությամբ բոլոր սխալները կարող են վերագրվել նախկին ղեկավարությանը, քանի դեռ համակարգում ամբողջական փոփոխություններ չեն կատարվել։
2025թ․ հուլիսի 18-ին կառավարության լիազոր մարմնի հաղորդման հիման վրա ՀԾԿՀ նախագահը վարչական վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ժամանակավոր կառավարիչ։