Խաղաղությունը չի կարող ձևական լինել, 3-4 երաշխավոր պետք է լինի, ասել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:
Նման կերպ նա մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե իշխանությունները սահմանադրական մեծամասնություն չկազմեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա սեպտեմբերին «աղետալի պատերազմ» կլինի:
«Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե բարձունքների վրա ադրբեջանցիներ են նստած», – ասել է նա:
Ծառուկյանի խոսքով՝ իրական խաղաղությունը պետք է երաշխավորված լինի հզոր պետությունների կողմից: «Մենք փոքր պետություն ենք, կարիք ունենք 3-4 ազդեցիկ պետությունների հետ դաշնակցային փաստաթուղթ ստորագրելու, որ ճանճն անգամ չտզզա մեր տարածքում», – ընդգծել է նա:
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին հնչող առաջարկներին՝ այն է՝ ընդդիմադիրների կողմից ապացուցելու իրենց «ուժեղ» լինելը՝ Ծառուկյանը նշել է, որ «ուժեղ լինելը պետք է գործով ապացուցել»։ Նա անընդունելի է համարել իշխանությունների այդ վարքագիծը։
«Այս պարտված, խայտառակված, խեղճացած վիճակում ժողովուրդը պարտքերի տակ, 2 մլն 450 հազար վարկառու, ամեն ինչ թանկացել է, պետք է դրա մասին մտածի», – ասել է քաղաքական գործիչը:
Նա հայտարարել է, որ իր գլխավորած քաղաքական ուժի թեկնածուն լինելու է ապագայի վարչապետ: «Այսօր մեր երկրին անհրաժեշտ է ապագայի վարչապետ, որը չի լինելու ո՛չ հներից, ո՛չ նորերից», – նշել է նա:
Լրագրողի հարցին, թե արդյոք մտավախություն ունի, որ իրեն կրկին կկալանավորեն, Ծառուկյանը պատասխանել է. «Մարդը, եթե ինքը մաքուր է, ինչի՞ց պետք է վախենա»:
Փաշինյանը մարտի 18-ին հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժերը փաստացի հանդես են գալիս խաղաղության վերանայման օգտին, ինչը, ըստ նրա, անխուսափելիորեն հանգեցնում է պատերազմի: Այնուհետև, վարչապետը շեշտել էր, որ ընդդիմության՝ իշխանության գալու դեպքում պատերազմը կարող է սկսվել արդեն սեպտեմբերին, և դրա հետևանքները լինելու են աղետալի:
