Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը գրում է. «Ու որ չեն ասում՝ նախկինում ներողություն չեն խնդրել… Տասնյակ դեպքեր կարող եմ թվարկել՝ հենց իմ կամ մեր խմբագրության աշխատակիցների հետ պատահած:
Այս մասին էլի եմ հիշատակել: ՀՀԿ-ի պատգամավորներից մեկը՝ Նահապետ Գեւորգյանը («Նովոն») ինձ ասել էր՝ «կտամ, գլուխդ կցխեմ պատերին»: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանից սկսած՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանով ավարտած, ներողություն էին խնդրում: Վերջում Նահապետ Գեւորգյանին էլ բերեցին՝ ներողություն խնդրեց ինձնից: Ընդ որում՝ բերողը Գուրգեն Արսենյանն էր, որն այն ժամանակ իշխող մեծամասնության հետ կոալիցիայի մեջ էր:
Երեւանի քաղաքապետի թիկնապահները քաշքշել էին մեր լրագրող Գոհար Հակոբյանին: Տարոն Մարգարյանը զանգեց լրագրողին ու ներողություն խնդրեց՝ ասելով, թե «պագոնններս» չեն ընկնի, որ անձամբ էլ ներողություն խնդրեմ: Մինչ այդ էլ փոխքաղաքապետն էր ներողություն խնդրել ու քաղաքապետի խոսնակը:
Բայց ախր այստեղ կարեւորն այնքան էլ նախադեպերը եւ օրինակները չեն: Ոչ էլ անգամ համեմատությունը, թե որքանով էին նախկինում եւ այժմ այս ներողությունները անկեղծ: Գլխավոր հարցադրումն, ըստ իս, այս է՝ 8 տարի է, ինչ իշխանության եք, հերիք չի՞ ներկայումս կատարվողը փորձեք արդարացնել նախկինում եղածով»: