
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը նավագնացության համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ «Ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացիկ իրադրությունը և, մասնավորապես, Հորմուզի նեղուցի բացման անհրաժեշտությունը համաշխարհային նավագնացության վերականգնման համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Նրանք համաձայնել են, որ Հորմուզի նեղուցի բացումը կենսականորեն անհրաժեշտ է համաշխարհային էներգետիկ շուկայում կայունության ապահովման համար», – հավելել է վարչապետի գրասենյակը:
Ավելի վաղ Թրամփը Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել Իրանի տարբեր էլեկտրակայաններ՝ սկսած ամենամեծից։ Այդ ժամկետը լրանում է Թեհրանի ժամանակով մարտի 24-ի գիշերը ժամը երեքին մոտ։ Իրանն արձագանքել է՝ նշելով, որ երկրի նավթային և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախ կդառնան, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի։Իրանի նախագահն էլ ԱՄՆ-ի սպառնալիքները որակել է որպես հուսահատության դրսևորում։