23 մարտի 2026 – 11:37 AMT
PanARMENIAN.Net – Ազգային-ժողովրդավարական բևեռը, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանակցությամբ միջադեպին, հայտարարել է, որ արցախցի կինը ուղիղ և արժանապատիվ կերպով «մերժել է թրքահպատակության օրակարգը»:
Մարտի 22-ի առավոտյան մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշան նվիրել մանկահասակ որդու հետ երթևեկով կնոջը, սակայն կինը հրաժարվել է՝ ասելով․ «Մենք ուրիշ քարտեզ ունենք»: Փաշինյանը խոսակցության ընթացքում ասել է․ «Որևէ մեկդ այս քարտեզի մասին քամահրանքով չխոսեք, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։
«Մարտի 22-ին, Երևանի մետրոպոլիտենի վագոններից մեկում, հերթական շոու-քարոզարշավի ժամանակ, Նիկոլը բախվեց հայ մարդու իրական ու չկոտրվող տեսակին։ Արցախցի երիտասարդ մայրը, իր երեխայի հետ միասին, ուղիղ և արժանապատիվ կերպով մերժեց թրքահպատակության օրակարգը և այն կեղծ քարտեզը, որով փորձ է արվում սահմանափակել հայի հայրենիքն ու ապագան։
Փաշինյանը, սովորության համաձայն, փորձում էր իր «29,800» քառակուսի կիլոմետրանոց թղթի կտորով համոզել, թե դա է երեխայի միակ ապագան։ Սակայն արցախցի կնոջ պատասխանը չուշացավ․ «Մեզ թույլ չտվեցին ապրել մեր հայրենիքում՝ Արցախում»։ Սա լոկ պատասխան չէր, սա մեղադրական դատավճիռ էր այն դավաճանական քաղաքականությանը, որը հայաթափեց Արցախն ու այսօր փորձում է նույնն անել Հայաստանի հետ։
Տեսանյութում ակնհայտ է վարչապետի աթոռը զբաղեցնողի ագրեսիվ ու քամահրական վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ։ «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» արտահայտությունը լավագույնս բնորոշում է այս վարչախմբի իրական դեմքը։
Մինչդեռ երիտասարդ կինը, պահպանելով բարձրագույն արժանապատվություն, չընկրկեց մանիպուլյացիաների առաջ։ Նա հիշեցրեց, որ հայի համար Հայրենիքը սակարկության առարկա չէ, իսկ Արցախն ու Հայաստանը մեկ միասնական ամբողջություն են։
Մենք ողջունում և բարձր ենք գնահատում արցախցի հայուհու այս խիզախ քայլը։ Այսօրվա իրողություններում, երբ պետական ապարատն ու քարոզչամեքենան փորձում են կոտրել ազգային դիմադրողականությունը, նման անհատական սխրանքները փաստում են՝ Հայը չի հարմարվելու պարտադրված պարտությանը։
Կեցցե՜ հայ մարդը, ով չի ծնկում և տիրոջ իրավունքով մերժում է թշնամու օրակարգը սպասարկողներին»,-ասվում է հայտարարության մեջ:
«Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանը ևս անդրադարձել է միջադեպին ֆեյսբուքյան տեսանյությում՝ նշելով, որ «պաչիկներ ու սրտիկներ շաղ տվող մարդը, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, մետրոյում պատռեց իր դեմքը»։
«Գնում է Ալիևի մոտ՝ ժպտում է, սուրճ է հյուրասիրում, «կուռկուռի ձագ» է դառնում, Ալիևի «տասովշիկ» է դառնում, պատվով էլ կատարում է դերը, հետո վերադառնում է երկիր ու ներսում առյուծ է կտրում։ Փոխանակ պայքարի Ալիևի տարածած ատելության դեմ, ինքն է ատելություն տարածում»,-նշել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն է հրավիրել Արմինե Մոսիյանին՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելու: Մոսիյանը 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դուստրն է: