Ցամաքային ներխուժում Իրան․ նախապատրաստություն, թե խաբկանք

Ցամաքային ներխուժում Իրան․ նախապատրաստություն, թե խաբկանք

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մարտի 19-ի երեկոյան հնչեցրեց այն միտքը, որին սպասում էին ռազմական վերլուծաբանները. «Հեղափոխությունները չեն լինում միայն օդից. Իրանի չարիքի մեքենան վերջնականապես կանգնեցնելու համար անհրաժեշտ է ցամաքային բաղադրիչ»։ Նա պնդել է, որ Իրանի ուրանի հարստացման, ինչպես նաև բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունները ոչնչացված են։ Հիշեցնենք՝ դրանք, որպես էկսիզտենցալ սպառնալիք, այն մինիմալ նպատակներն էին, որոնց հասնելու համար Իսրայելը սկսեց պատերազմի նոր փուլը Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Այն հանգամանքը, որ նման պնդում անելուց հետո Իսրայելը  լայն թափով շարունակում է հարձակումը, փաստում է, որ խնդիր է դրվել հասել մաքսիմում նպատակին․ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ենթակառուցվածքների լիակատար դեմոնտաժը, Այաթոլլաների իշխող ռեժիմի ֆիզիկական ոչնչացումը և Իրանի, որպես տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոնի կատարյալ չեզոքացումը երկարաժամկետ հեռանկարում։ Իսկ այդ նպատակներին հասնել առանց ցամաքային գործողությունների, հնարավոր չէ, ինչի մասին և ակնարկել է Իսրայելի վարչապետը։  

Վաշինգտոնում Դոնալդ Թրամփը պահպանում է գործարարին բնորոշ պրագմատիզմ։ Սպիտակ տունը պաշտոնապես չի հաստատում Իրան ցամաքային զորքեր մտցնելու պլանները, թեև երբևէ չի էլ բացառել։ ԱՄՆ-ի համար խնդիրը մեկն է՝ կապիտուլյացիայի մատնել Իրանին՝ սակայն չխրվել «նոր Աֆղանստանի» մեջ։ Սակայն խոսքը տվյալ դեպքում ոչ թե լայնածավալ ներխուժման և երկարաժամկետ օկուպացիոն պատերազմի մասին է, այլ սահմանափակ ժամկետով կետային օպերացիաների։

Նախանշանները

ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են համոզիչ դարձնել ցամաքային օպերացիան Թեև դա կարող է հիբրիդային պատերազմի հոգեբանական գրոհի բաղադրիչ լինել, սակայն նման օպերացիայի նախապատրաստման նախանշաններն ակնառու են։

Պենտագոնի խոսնակը հաստատել է, որ ԱՄն 82-րդ օդադեսանտային դիվիզիայի տեղակայումը Քուվեյթում ռազմավարական պատրաստվածության նոր մակարդակի է բարձրացվել։ Սա այն ստորաբաժանումն է, որը հենց կարճաժամկետ օպերացիաների համար է նախատեսված։

Բացի այդ, NetBlocks-ը արձանագրել է ինտերնետի լիակատար անջատում Խուզեստանում և Բանդար Աբասում։ Որպես կանոն՝ հենց նման եղանակով են թաքցվում զորքերի տեղաշարժերը։

FlightRadar24-ը ֆիքսել է  մարտի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի և ԱՄՆ-ի բազաներից դեպի Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ և Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազաներ ավելի քան 35 ռազմական չվերթ։ Ըստ որոշ տվյալների միայն Քուվեյթում արդեն կուտակվել է շուրջ 45,000 զինվոր։

Օրեր առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը կործանիչ հարվածներ են հասցրել Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերի նավատորմին։ Դա մի բացատրություն կարող է ունենալ՝ չեզոքացնել Ադրբեջանի նկատմամբ նավատորմի կիրառումը, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու կամ Ադրբեջանը ներխուժման պլացդարմ դարձնելու դեպքում։

Այս ամենին կարելի է  գումարել նաև օրեր առաջ Իսրայելի զինուժի կողմից Իրանի նավթի արտահանման շուրջ 90%-ն ապահովող Խարգ կղզու և Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Բանդար Աբասի խոշոր նավթավերամշակման գործարանների և գազի խտանյութի արտադրամասերի, հատկապես դրանց տերմինալների և պոմպակայանների թիրախավորումը։ Դրանց նպատակն է Իրանին զրկել պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից և նվազեցնել ցամաքային զորքերի և ԻՀՊԿ-ի շարժունակությունը, ինչը վճռորոշ է հատկապես ցամաքային ռազմական գործողությունների պարագայում։

Ցամաքային գրոհի նպատակները. Հորմուզից մինչև Թեհրան

Այսպես կոչված «Վիրաբուժական Blitzkrieg»-ը, ըստ այդմ, կարող է հետապնդել երեք հիմնական թիրախ։

1․ Ռեժիմի «գլխատում». Թիրախավորված հարվածներ Թեհրանի կառավարական բունկերներին՝ ոչնչացնելու կրոնապետական վերնախավի և ԻՀՊԿ-ի այն մնացորդներին, որոնք դեռ ունակ են ստանձնել կառավարման լծակները։ Այսինքն՝ պետական համակարգը ենթարկել կաթվածի։

2․ Հորմուզի ապաշրջափակում. Ցամաքային վերահսկողություն Իրանի հարավային ափամերձ գոտում՝ ոչնչացնելու այն հրթիռային մարտկոցները, ԱԹՍ կառավարման կետերը, որոնք կաթվածահար են արել համաշխարհային նավթային առևտուրը նեղուցում։ Սա պատվի հարց է Վաշինգտոնի համար՝ Ծոցի իր դաշնակից երկրների մոտ վերականգնելու անվտանգության երաշխավորի հեղինակությունը։

3․ Միջուկային ու հրթիռային սպառնալիքի վերջնական վերացում․ Թեև Իսրայելը պնդում է, որ Իրանի արտադրական հզորությունները ոչնչացվել են, սակայն խնդիրը կարող է լինել երկրի խորքում գտնվող ուրանի պահպանման խորը բունկերների ոչնչացումը կամ անվերադարձ կոնսերվացումը և հրթիռների բաղադիչների արտադրության բոլոր մնացած ենթակառուցվածքների ոչնչացումը։

Շահեր և ռիսկեր. Իսրայելի ամբիցիան և ԱՄՆ-ի վախը

Իսրայելի համար սա պատմական հնարավորություն է։ Նեթանյահուն արդեն բացահայտ խոսում է տարածաշրջանային միակ գերտերության վերածվելու հավակնության մասին։ Այս պատերազմի արդյունքները շատ հստակ ու չափելի են Իսրայելի համար։ Մի բան, որ չի կարելի ասել նրա դաշնակցի՝ ԱՄՆ-ի դեպքում։

Վաշինգտոնը կանգնած է ծանր երկընտրանքի առջև։ Շահելով ռազմական հաղթանակ՝ Վաշինգտոնը և հատկապես հակապատերազմական լոզունգներով իշխանության եկած Թրամփի վարչակազմը կարող են բախվել քաղաքական ֆիասկոյի փաստին, նավթային շոկին և ներքին գնաճի ահռելի ռիսկին։ Վերջին երկուսը կարող են տապալել Թրամփի տնտեսական ծրագրերը։ Եթե դրան էլ ավելացավ ցինկե դագաղներով ամերիկացի զինվորների աճյունների հոսքը,  Հանրապետականները կարող են առաջիկա ընտրություններում ուղղակի կորցնել Կոնգրեսը․ ինչը կարագացնի Թրամփի տապալումը։ Բացի այդ, ռազմական առումով՝ ԱՄՆ-ն վախենում է «ասիմետրիկ թակարդից»․ եթե Իրանին հաջողվի ամերիկյան զորքերին ներքաշել երկարատև փողոցային մարտերի մեջ, ոչնչացնել տարածաշրջանային երկրների էներգետիկ արտադրողական պոտենցիալը, Թրամփի վարկանիշը կարող է փլուզվել օրերի ընթացքում։

Իրանի համար հակառակորդների ցամաքային գործողությունները որքան ռիսկային են, նույնքան էլ՝ հնարավորություն։  Թեև օդային հարվածները կազմալուծել են կանոնավոր բանակի մեծ մասը և ռազմական պոտենցիալին ահռելի վնասներ հասցրել, ԻՀՊԿ-ն տասնամյակներ շարունակ պատրաստվել է հենց այս պահին։ Նրանց ռազմավարությունը հիմնված է ներսում հակառակորդին մաշելու և քաղաքականապես ոչնչացնելու վրա։ Իրանն ունի ստորգետնյա «քաղաքներ» և պարտիզանական ցանցեր, Իրանի բնական պաշտպանությունն են կազմում նրա անառիկ լեռնային լանդշաֆտը, հակառակորդի լոկացիոն անխուսափելի խնդիրները։ Եվ Իրանը ցույց է տալիս, որ պատրաստ է ամիսներով դիմադրել՝ ներքաշելով դաշնակիցներին արյունալի ճահճի մեջ։ Ահա թե ինչու են ԻՀՊԿ-ից երբեմն հնչում ցամաքային գործողությունների մղելուն ուղղված սադրիչ հայտարարություններ։ 

Հետևաբար խաղադույքները չափազանց բարձր են։ Պատմությունը հուշում է, որ հեշտ է ցամաքային մուտքը Մերձավոր Արևելք։ Բայց ելքը տասնամյակների շատ թանկ ու արյունալի գին ունի։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment