
ՌԴ առողջապահության նախարարության Սամարայի պետական բժշկական համալսարանի մասնագետները արհեստական բանականությաքն հիման վրա մշակել են երկու փոխլրացնող թվային օգնականներ, որոնք թույլ են տալիս գնահատել քնի կառուցվածքը էլեկտրոէնցեֆալոգրամայի միջոցով և հայտնաբերել շնչառական խանգարումները, այդ թվում՝ ապնոէ, հիպոպնոէ և խռմփոց: Այս մասին ТАСС-ին հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայության տվյալներով՝ առաջին նախատիպը իրենից ներկայացնում է ծրագրային մոդուլ՝ աուդիոձայնագրությունների հիման վրա շնչառական խանգարումների ավտոմատ հայտնաբերման համար՝ մել-սպեկտրոգրամների վերլուծության միջոցով։ Ծրագիրը ձևավորում է ստանդարտ հաշվետվություններ, որոնք պարունակում են դասակարգման որակի հիմնական չափորոշիչներ և օգնում են բժշկին արագ գնահատել խանգարումների բնույթը։ Նման լուծումը ավտոմատացնում է նախնական վերլուծությունը և նվազեցնում մասնագետների առօրյա աշխատանքի ծավալը։
Երկրորդ նախատիպը նախատեսված է պոլիսոմնոգրաֆիայի տվյալները ավտոմատ կերպով վերծանելու և քնի փուլերը դասակարգելու համար՝ հիմնվելով էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ) տվյալների վրա: «Նախատիպը հիմնված է խորը ուսուցման մոդելի վրա, որը մշակում է ԷԷԳ ազդանշանները և դասակարգում յուրաքանչյուր 30 վայրկյան տևողությամբ ձայնագրությունը համապատասխան քնի փուլին: Այս մոտեցումը ընդօրինակում է բժշկի տրամաբանությունը, որը գնահատում է քունը ոչ թե որպես առանձին հատվածների ամբողջություն, այլ որպես շարունակական գործընթաց», – նշվում է հայտարարության մեջ: